Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/247

Այս էջը հաստատված է

Էս հսկաները որ տեսնում են՝ սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է՝ մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են․

— Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար,


Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում․ այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք՝ քո խոնարհ ծառաներդ, օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է, մեջը՝ մեր գեղեցիկ քույրը։ Աղաչում ենք՝ շնորհ անես, գաս մեր հացը կտրես․․․

Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած՝ առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են, ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասել կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։

5

Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա։ Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ։ Իհարկե, Քաջ Նազարը կսպանի։ Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմ գնա։ Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերևը՝ մի աստված, ներքևը՝ մի Քաջ Նազար։

Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի, ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի։ Նշանածը բռնում է, կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա։ Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի։ Նազարը զենքն առնում է, դուրս գնում։ Գնում է, անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ