են ամուսնացրել, զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա։
Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում, հրաման են խնդրում։
Պատերազմի անունը որ լսում է, սարսափում է Նազարը․ դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը։ Մարդիկ կարծում են՝ ուզում էր իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա։ Առաջն են ընկնում, բռնում են, խնդրում, թե՝ ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է․․․
Բերում են, զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին՝ իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա։ Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե՝ Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատած բերում են․․․
Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ ձի են բերում, Նազարին նստեցնում վրեն։ Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով․ «Կեցցե՛ Քաջն Նազա՜ր․․․ մա՛հ թշնամո՜ւն․․․»։
Նազարի տակի նժույգը, որ տեսնում է՝ վրեն ինչ անպետքի մինն է նստած, խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշնամու բանակը։ Զորքերը կարծում են՝ Քաջ Նազարը հարձակվեց, ուռռա՛ են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ։ Նազարը որ տեսնում է՝ չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառից փաթաթվի, դու մի՛ ասիլ՝ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս, մնում ձեռին։ Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին, ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում, երես են շուռ տալիս,— փախի՛, որ փախի՛, թե մարդ ես՝ գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով, գալիս է․․․