Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/253

Այս էջը հաստատված է

 — Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։

— Ի՞նչ Կիկոս։

— Բա չես ասիլ․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․


— Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է․

— Աղջի, մի գնա տես քույրերդ ինչ եղան։ Գնացին ետ չեկան։

Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում երկու քույրն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։

— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։

Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․


— Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ,— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն ձենի տալիս։