Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/259

Այս էջը հաստատված է
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1910

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

1

Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։

— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ