Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/261

Այս էջը հաստատված է

են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․

— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։