Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/262

Այս էջը հաստատված է



5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․

— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։