Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/267

Այս էջը հաստատված է

- Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կըրկին։
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց,
Ցավերի տուն, արցունքի ծով։
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։


9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։

— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և