Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/27

Այս էջը հաստատված է

զանազան եղանակներով, հարբած ալևորի նման, հազար ու մի տեսակ ձայնը փոխելով՝ երգում էր ի պատիվ թանկագին հյուրերի…, և այս բոլորը միախառնված իմացնում, ազդարարում էին, թե քաջերը զվարճանում են։


IX

Ուրախության այս թունդ միջոցին ծերունի Մեհրաբը վերցրեց գինով լիքը հազարփեշեն, և բոլորը ուշք դարձրին նրան։

— Աղասի՛,— ձայն տվեց նա,— ես ուզում եմ օխնել էն ծառը, որ քեզ նման բար ա տվել… ո՞նց օխնեմ. աջողություն մաղթե՞նք, թե՞ ողորմաթասը խմենք…

Այս որ ասաց Մեհրաբ յուզբաշին՝ Աղասու պայծառ դեմքը մթնեց, ինչպես մի սև ամպ հանկարծ ծածկում է գարնան արևի երեսը, նա լուռ խոնարհեց գլուխը կրծքին. նրա հետ տխրեցին և յուր ընկերները։

Բոլոր սեղանակիցները իրար երեսի մտիկ տվին հոնքերի տակից, ուզեցին ասել՝ երևի տխուր բան հիշեցրին իրանց հյուրերին։

— Ուրեմն աստված հոգին լուսավորի, աստված նրա դատաստանը քաղցր անի…– մեղմ կարեկցությամբ խոսքն հառաջ տարավ ծերունին։

— Աղասու հերը մեռած չի, յուզբաշի,— գլուխը վեր քաշելով ընդհատեց Աղասու ընկերներից մեկը։

— Բաս ընչի տխրեցիք… ընչի՞ չեք խոսում, Կա՛րո, ի՞նչ կա…

— Տխրացրիր, ո՞նց չի տխրենք, յուզբաշի,— հառաչեց Կարոն։

— Աղասու հերը Երևանու բերդումը եսիր ա… Քանաքեռից աղջիկ փախցնելիս Աղասին ֆարրաշին սպանեց ու փախավ, չոլերն ընկավ, իրան տեղակ հորը բռնեցին… Պառավ մերը, ջահել կնիկն ու երեխաներն էլ…

Կարոյի պատմության հետ մռայլանում էր ծերունի նահապետի դեմքը, որպես Լալվարի սարը աշնան վերջերում, և թավամազ, գորշ հոնքերի տակից աչքերը բարկությամբ վառվում

25