Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/274

Այս էջը հաստատված է

 — Ա՛յ, էս երկու զամբյուղը, մինը՝ թեթև, մյուսը՝ ծանր, որը կուզեք, ընտրեցեք ձեզ համար։

Հյուրերը, թե՝

— Մենք պառավ մարդիկ ենք, բեր, մեզ թեթևը տուր, ավելի լավ է, հեշտ կտանենք, ծանրն ի՞նչ ենք անում։

Առնում են թեթև զամբյուղն ու վերադառնում տուն։

Տանը ասում են․

— Բեր, մի բաց անենք, տեսնենք՝ ի՞նչ կա մեջը։

Բաց են անում, ի՞նչ են տեսնում՝ էլ ոսկի, էլ արծաթ, էլ անգին քար, էլ թոփերով մետաքսեղեն․․․ Էն տեսակ մի բան, որ իրենց օրում իսկի մտքներովն էլ չեն անցկացրել։ Քանի հանում են, էնքան ավելի շատ է մնում մեջը։

Անվե՜րջ, անհատնում։

Ու միանգամից հարստանում են։

Էս բանը լսում է ծիտիկի լեզուն կտրող չար պառավը։ Նախանձում է հարևանների բախտին։ Հարցուփորձ է անում, թե որտեղ է կենում լեզուն կտրած ծիտիկը, տեղն ու ճամփեն սովորում է։

— Ես էլ կերթամ ծիտիկի մոտ,— ասում է ու ճամփա ընկնում։ Գնում է, գտնում։ Դարձյալ ծիտիկը երկու զամբյուղ է բերում ու ասում․

— Ահա երկու զամբյուղ, մինը՝ ծանր, մյուսը՝ թեթև, որն ուզում ես, ջոկի քեզ համար։

Պառավը միտք է անում, որ միջի գանձն ինչքան շատ լինի, զամբյուղն էլ էնքան ծանր կլինի, ասում է՝ բեր, ծանր զամբյուղը տուր ինձ։

Շալակում է ծանր զամբյուղն ու ճամփա ընկնում դեպի տուն։

Զամբյուղը քարի պես ծանր է լինում, տանելը՝ դժար։ Տնքալով՝ տանում է։

Ծիտիկները ետևից մտիկ են անում ու ծիծաղում։

Տանում է տուն։ Տանում է, ագահ—ագահ բաց է անում։

Բաց է անում թե չէ՝ աղմուկով դուրս են թափում այլանդակ, անճոռնի չար ոգիները, տեղնուտեղը խեղդում չար պառավին։

268