Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/28

Այս էջը հաստատված է

էին, որպես կայծակը Լալվարի ամպերում։ Սևակնում էին և մյուսները, որպես միասին ամպում են այն սարերը…

Կարոն շարունակում էր.

— Պառավ մերը, ջահել կնիկն ու երեխաներն էլ մնացել են Քանաքեռ՝ թշնամու հողում, ղզլբաշի բերանում… տանջվում են, կանչում են, ձեռքներս հասնում չի… ո՞նց չի տըխրենք…

— Է՛հե՜՜…— բացականչեց ծերունի Մեհրաբը այնպիսի եղանակով, որպես թե մի անսպասելի չար գաղտնիք էր գտել,— սա էլ իգիթի նման ման ա գալի սարերում…— և, խեթ–խեթ ակնարկելով գունատված Աղասուն, մի դառը ծիծաղով աղաղակեց,– հա՛, հա՛, հա՛, հա՛, իգի՜թ…

Բոլորը լուռ էին։

— Ափսո՜ս,— մռնչաց ալևորը։

Նստողները գլուխները կախ արին։

— Ափսո՜ս,— կրկնեց նա և գինու թասը գրեց ներքև,– ափսո՛ս իմ հաց… ափսո՛ս իմ օջախ… ափսո՛ս, որ ես պաչեցի քո ճակատից…— Ապա թե ձայնը բարձրացնելով գոռաց.

— Մենք սրա՞ն ենք իգիթ ասում…

Ոչ ոք ձայն չհանեց։

— Մենք նրա՞ն ենք իգիթ ասում, որ իրան վառած կրակում ուրիշին թող անի էրվելիս, ինքը գլուխն ազատի, փախչի, սարերն ընկնի… իրան նամուսը՝ ծնողը, կնիկը, երեխեքը, վեր գցի թշնամու առաջին…

Դարձյալ ոչ ոք չխոսաց, թեև բոլորը համաձայն էին։

— Ափսո՜ս իգիթ անունը… ափսո՜ս իմ օջախ… ափսո՜ս…

Այսպես աղաղակելով տեղիցը վերկացավ ծերունին, հեռացավ սուփրից. վերկացան յուրայինները, վերկացան կանչած հյուրերը, լռեց զուռնի ձայնը, երգը վերջացավ։

Մի քանի վայրկյանից հետո դարձյալ ահագին ձորը մնաց մենակ Ձորագետի գոռոցներին, որոնք միացած, կարծես, մռնչում էին՝ «ափսո՜՜ս…»։

26