Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/282

Այս էջը հաստատված է

— Կեցցե՛ս, վա՛րպետ, կեցցե՛ս, լավ ասիր։

Գնում է ձկնավաճառի մոտ։

— Խավիարն ի՞նչ արժե։

— Խավիարը քեզ համար չի, վարպետ, խավիարը թագավորի համար ենք պահել։

— Վա՛հ, ինչո՞ւ․ իմ ախորժակն էլ թագավորի ախորժակի պես ախորժակ չի՞, ինչ է․․․

Զարմացած հարց է տալիս Խորհրդավոր վարպետը, ու նորից խալխը ծիծաղում են․

— Կեցցե՛ս, վարպետ, կեցցե՛ս, ճիշտ նկատեցիր։

Ու ինչ էլ որ առնում է՝ մսեղեն, ձկնեղեն, կանաչեղեն, ընդեղեն թե մրգեղեն— առնում է առատ—առատ ու ամենաընտիրը։

Էս ու էն հարցնում են․

— Էդ ո՞վ պետք է ուտի, վա՛րպետ։

— Ես ու իմ երեխեքը։

— Շա՞տ երեխա ունես։

— Ինչպես չէ․ Թակը, Սղոցը, Ունելիքը, Շաղափը։

Խալխը ծիծաղում են․

— Անուշ լինի քեզ ու երեխաներիդ, վա՛րպետ։

— Շնորհակալ եմ։

Վերադառնում է խանութ, զամբյուղով ուտելիքը դնում անկյունում ու սկսում բանել մինչև իրիկուն։

— Հապա ճաշդ, ի՞նչպես պետք է լինի, վա՛րպետ։

— Ճաշս էնտեղ, խոհանոցում կեփեն։

Գիշերվա կիսին խանութը կողպում է, դուռը ետնափակ է տալի, ու իսկույն ներսը ափսեները շրխշրխկում են, բաժակները զրնգզրնգում են, դանակ-պատառաքաղները չրխկչրխկում, կարծես թե բազմաթիվ ծառաներ խանութում մեծ սեղան են բաց անում։ Ապա թե լսվում է ուրախ ծափ ու ծիծաղը, մեջընդմեջ էլ Խորհրդավոր վարպետի սաստող ձենը․

— Սղո՛ց, կարգի՛ն․․․

— Թա՛կ, զգույշ, շիշը չկոտրես․․․

— Խելոք կացեք, չարություն մի՛ անեք․․․

Հարևանները լսում են ու ապշում։ Առավոտը ցամաքած գալիս են։

276