Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/287

Այս էջը հաստատված է

 Վարպետը պատասխանի փոխարեն ուսերը թոթվում է ու բռնոթի է քաշում։

Էս թագավորն ունենում է վեց երեխա․ երեք աղջիկ, երեք տղա, մինը մյուսից առողջ ու սիրուն։ Էս երեխեքն իրար ետևից հիվանդանում են ու մեռնում։

Բժիշկ, հեքիմ, դեղ, ճար՝ ոչ մի բան չի օգնում։ Իրար ետևից մեռնում են։

Մեծ աղջիկը մեռնում է։ Տանում են թաղելու։ Մին էլ տեսնում են՝ Խորհրդավոր վարպետն էլ էն կողմից է գալի՝ ուսին մի դագաղ։

— Էդ ո՞վ է մեռել ձեր տանը, վարպետ։

— Իմ Թակն է մեռել, իմ Թակը․․․ տանում եմ թաղեմ։

Մյուս անգամ թագավորի տղին են տանում թաղելու, դարձյալ հանդիպում է վարպետը՝ ուսին մի ուրիշ դագաղ։

— Էդ ո՞վ է մեռել, վարպետ։

— Իմ Դուրն է մեռել, տանում եմ թաղեմ։

Էսպես կարգով, քանի թագավորի երեխաներից մեկին տանում են թաղելու, վարպետն էլ թաղում է իր գործիքներից մեկնումեկը։

Թագավորի խորհրդականը շատ խորամանկ մարդ է լինում։ Թագավորին ասում է․

— Ձերդ մեծություն, տեսնում եք, որ ամեն անգամ ձեր երեխաները թաղելիս վարպետն էլ իր գործիքներից մեկը կամ մյուսն է թաղում։ Սրա մեջ մի խորհուրդ կա։ Եվ եթե չեք ուզում, որ ձեր բոլոր երեխաները մեռնեն, կանչեցեք Խորհրդավոր վարպետին ու մի ձևով նրա սիրտն առեք։

Թագավորին էլ մենակ մի աղջիկ է լինում մնացած, ամենափոքրը, էն էլ վերջին շնչումն է լինում։

Ճարահատված կանչում է վարպետին, աղաչանք, պաղատանք է անում․

— Վարպետ, աստծու սիրուն, երկնքի սիրուն, քո երեխանց գերեզմանի սիրուն, խնդրում եմ, ազատիր աղջկանս։

Վարպետն էլ թե՝

— Ձերդ մեծություն, խնդրում եմ ազատեցեք իմ Շաղափին։

Թագավորը թե՝

281