Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/289

Այս էջը հաստատված է

մինը՝ բարի, մյուսը՝ չար։ Բարին եղել է մեծը ու գահի ժառանգը, և հոր մահից հետո նա պիտի նստեր թագավոր։ Էս բանը դյուր չի գալի չար եղբորը․․․

Թագավորն էստեղ մռայլվում է ու վարպետի խոսքը կտրում է․

— Վարպետ, քո հեքիաթը ինձ դյուր չի գալի։

— Դեռ լսեցեք, Ձերդ մեծություն․ ամենահետաքրքրական մասը հիմի կսկսվի։ Հա՛, էն էի ասում․ չար եղբորը դյուր չի գալի, որ հոր մահից հետո բարին պիտի թագավորի, իր մեջը վճռում է գործը շուռ տա էնպես, ինչպես ինքն է ուզում։ Ու մի օր եղբորն ասում է․— Արի գնանք որսի։ Գնում են։ Անտառի խորքում թիկնապահները ետ են մնում։ Որ թիկնապահները ետ են մնում՝ սա սուրը հանում է, խրում բարի եղբոր թիկունքը․․․

Թագավորն էստեղ ավելի տակնուվրա է լինում ու վարպետի վրա գոռում է․

— Ես ասի, որ քո հեքիաթը ինձ դյուր չի գալի, վարպե՛տ․․․

— Մի քիչ էլ լսեցեք, հիմի ամենահետաքրքրական տեղը կգա, Ձերդ մեծություն, մի քիչ էլ լսեցեք։ Չար եղբայրը որ զարկում է, կարծում է, թե բարի եղբորն սպանեց, խոտով—խաշամով ծածկում է ու գնում։ Գնում է, տանը հորն ասում, թե եղբորս անտառում գազանները կերան․․․

Էստեղ թագավորը տեղիցը վեր է թռչում, աղաղակում․

— Ուրեմն դու իմ եղբա՞յրն ես․․․ ների՜ր, ների՛ր ինձ, եղբայրս․․․

Աղաղակում է ու դողդողալով ընկնում Խորհրդավոր վարպետի ոտները։ Ասում է․

— Ինձ մի՛ պատժի, եղբայրս, ինձ մի՛ պատժի․․․ Ահա քո թագը, ա՛ռ, նստիր մեր հոր գահին ու թագավորիր։

— Ո՛չ ես պետք է թագավորեմ, ո՛չ դու,— պատասխանում է Խորհրդավոր վարպետը,— իմ Շաղափը կլինի թագավոր, քո աղջիկը թագուհի։ Մեր ժամանակն անց է կացել, այժմ նրանցն է ժամանակը, ու նրանք պիտի թագավորեն։

283