Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/292

Այս էջը հաստատված է

— Օ՜, ո՛չ, ձերդ մեծություն,— պատասխանում են վախեցած նախարարները։— Ականջներիս․․․ ետևն ուռել է։

Եվ բոլոր նոր նախարարների ականջների ետևն ուռած է լինում։ Թագավորն էլ առանձնապես անհանգիստ չի լինում․ գիտենում է, որ էդ սովորական ու անվտանգ հիվանդություն է։ Միայն վերջը հրամայում է, որ ամեն մինը, ով պատրաստվում է նախարար դառնալու, առաջուց իր ականջի ուռուցքը բժշկի։

Խեղճերը բժշկվում են պալատական բժիշկների մոտ, ամեն տեսակ դեղ ու դարման դնում են իրենց առողջ ականջներին ու, նամուսից խեղդված, տանում ամեն ցավ ու տանջանք։

Թագավորն էլ մին-մին գալիս է նրանց տեսության, իբրև հիվանդների, և առողջությունները հարցնելիս կարծելով, որ ականջի ուռուցքից լավ չեն լսիլ, ձենը ավելի է բարձրացնում․

— Հե՜յ, ո՞նց ե՜ք․․․ ո՜նց․․․

Ձենից պատերն ու օճորքը դողում են։

— Լավ ենք, ձերդ մեծություն, շատ լավ ենք։

Թագավորը երևակայում է, որ իր թագավորության մեջ գործերը հիանալի են գնում։ Ոչ ոք նրան չի ներկայանում, ոչ ոք մոտը գանգատի չի գալիս, ամենքն էլ խլանալուց վախենում են և մի կերպ համբերում են։

Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած, զարմանում է․

— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։

— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին․— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։ Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր։

Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է։ Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեսակ զարհուրելի ձեն ունենալ։ Բայց երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում