Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/293

Այս էջը հաստատված է

է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն։ Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի։

Դու մի՛ ասիլ՝ թագավորը վաղուց ցանկություն է ունեցել ամուսնանա ու շատ էլ խնամախոսներ է ղրկել էս ու էն թագավորի աղջկանն ուզելու, բայց ամենքն էլ մերժել են։ Հիմի նոր է գլխի ընկնում, թե ի՛նչու են մերժել իրեն, վախեցել են, թե խլանան։

Վճռում է հայտարարի իր տերության մեջ, թե ո՞վ է կարող իրեն բժշկի, և տեղնուտեղը, ինչքան ձենումը ձեն կա, գոռում է․

— Հե՜յ, ո՞վ է կարող ինձ բժշկի․ ով բժշկի, իր քաշովը մին ոսկի կտամ։

Ձենը որոտալով ու դըմդըմբալով գնում է հասնում ամեն կողմի վրա հազար վերստ։ Էս դղրդոցից ամպերը ժաժ են գալի, տակնուվրա են լինում, և երկու շաբաթ շարունակ ամբողջ տերության վրա անձրև է գալի։ Ամենահեռավոր անկյուններում էլ իմանում են թագավորի հայտարարությունը, բայց ամիսներ են անց կենում, ու ոչ մի բժիշկ, ոչ մի հեքիմ չի երևում։

Խեղճ թագավորն սկսում է հուսահատվել․ հենց էդ միջոցին հեռու աշխարհքից հայտնվում է մի կախարդ, ներկայանում է թագավորին, ասում է․

— Թագավորն ապրած կենա, մի կախարդական մազ ունես գլխիդ, էն կախարդական մազն է քո հիվանդության պատճառը։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։ «Ի՞նչ մեծ բան է, ասում է իր մտքումը, գլուխս վեր կանեմ, պրծանք գնաց։ Էս լավ էր, էս հեքիմին էլ մի բան կտամ կգնա, էլ ինչո՞ւ եմ իրեն քաշովը մին ոսկի տալի․ մի բան որ առաջուց ցավիս գաղտնիքը հայտնեց»։

Հենց էստեղ հեքիմն ավելացնում է․

— Միայն մի պայման կա, որ պետք է իմանաս, թագավոր։ Պետք է միանգամից գտնել ու պոկել էն կախարդված մազը։ Եթե մին սխալվեցիր, նրանից ետև էլ ճար ու