Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/294

Այս էջը հաստատված է

հնար չի լինի քո ցավին։ Եվ միակ մարդը, որ կարող է էդ անել, Անլեզու աղջիկն է։

— Իսկ նա ո՞րտեղ է,— հարցնում է թագավորը։

— Նա ապրում է Աճուճ Պաճուճների աշխարհքում։ Նրան ասում են Անլեզու, որովհետև ճշմարիտ էլ լեզու չունի։ Էս օրվան օրից ուղիղ մի տարի, մի ամիս ու մի օր անց՝ դու նրան կտեսնես էստեղ, եթե քո տված խոսքը կատարես, իմ քաշովը մին ոսկի տաս ինձ, քո խորհրդականին էլ, իբրև դեսպան, ինձ հետ միասին ուղարկես Անլեզու աղջկա մոտ։

Թագավորը թեև իր մեջը շատ է ցավում, բայց ի՞նչ աներ, ճար չուներ․ անծանոթ հեքիմին քաշովը մին ոսկի է տալիս ու իր խորհրդականի հետ միասին ճանապարհ է գնում դեպի Աճուճ Պաճուճների երկիրը, Անլեզու աղջկա մոտ։

Էս դեպքից մի քանի ամիս անց է կենում, թագավորը մին էլ տեսնում է իր խորհրդականը ետ եկավ։

— Հապա կախարդ հեքիմն ու Անլեզու աղջիկն ո՞ւր են։

Թե՝ կախարդ հեքիմը ոտով—գլխով անհետացավ, կորավ, իսկ Անլեզու աղջկանից տեղեկություն չունիմ։ Ասում են՝ գնացել է իրեն համար արհեստական լեզու շինել տա, ո՜ւր, ո՜ւմ մոտ կամ քանի ժամանակով, ոչով չգիտի։ Միայն կախարդը անհետանալիս էսպես կանչեց․

— Որոնեցեք, կգտնեք։ Սրա մեջն է թագավորի բախտավորությունը։

— Լա՛վ, մենք էլ կորոնենք,— ասում է թագավորը։

Եվ առանց գործը ետ գցելու դուրս է գալիս իր պալատի պատշգամբն ու նորից բարձր գոռում․

— Հե՜յ, ո՞վ կարա գտնի Անլեզու աղջկանը։ Ով գտնի, իր քաշովը մին ոսկի կտա՜մ։

Կարծես թե, ճիշտ որ, ամպ է որոտում։ Ձենը մինչև որտեղ հասնում է, ամեն տեղ էլ շաբաթներով անձրև է գալիս։

Սրանից ետը էլ մի քանի ամիս անց է կենում, դարձյալ Անլեզու աղջկանից ոչ մի լուր։

Թագավորն սկսում է հուսահատվել։ Եվ փոխանակ լուռ իրեն համար նստելու, ամբողջ օրը ամպի նման որոտում է ու որոտում։ Հպատակների մի մասի ականջները ծանրանում են, մյուս մասը բոլորովին խլանում են։ Եվ որովհետև