Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/296

Այս էջը հաստատված է

 Եվ առանց քաշվելու, ոք ինքը գտնվում է ռչ թե փողոցում, այլ թագավորի պալատում, սկսում է կոկորդովը մին գոռալ․

— Ա՜յ ձենի դե՜ղ, լա՛վ ձենի դե՜ղ․ ով ունի, կկտրի, ով չունի, կգտնի՜․․․

Թագավորի ծիծաղը պրծնում է։

— Հապա,— ասում է,— էդ քո ձենի դեղը բե՛ր, մի փորձեմ տեսնեմ։

Առնում է մինը կուլ տալի, և, ո՛վ զարմանք, ձենի կեսը կորչում է։ Սրանից ետը թե կարող ես, դե բռնի Որոտ թագավորին։ Ոնց որ սոված հավը կուտին վրա ընկնի, վրա է ընկնում էս հաբերին ու կուլ է տալիս իրար ետևից։ Կուլ է տալիս վերջացնում։ Ետ է դառնում, որ մի բան ասի, չորս կողմի կանգնածները ձենը չեն լսում, էնքան կտրած է լինում։ Չեն կարողանում լսել, մինչև ականջները բերնին չեն մոտեցնում։

Թագավորը ուրախությունից հրամայում է, որ իր ամբողջ տերության մեջ տոն կատարեն, խաղեր ու հրավառություններ սարքեն, ուտելիքներ ու գինի, բաժանեն ժողովրդին։

— Իսկ դու ի՞նչ ես ուզում, հրաշալի անծանոթ,— դիմում է թագավորը իրեն բժշկող երիտասարդին։— Ինչ որ ուզես, պետք է ստանաս, թեկուզ թագավորությանս կեսը։

— Ես էն եմ ուզում, որ քո պալատում մի սենյակ տաս ինձ և հաց ու ջուր, որ ապրեմ, ոչով էլ ինձ մոտ չմտնի, նույնիսկ դու, թագավո՛ր։ Ահա իմ բոլոր ուզածը։

— Էդքա՞նը,— զարմանում է թագավորը։— Շատ քիչ է։ Բայց թո՛ղ էդպես լինի, ինչպես ուզում ես։

Սրանից հետո էլ թագավորի ձենը էնքան է նվաղում, որ պալատականները չեն կարողանում լսել, մանավանդ որ խուլ են լինում։ Հետզհետե նրանց ականջներն էլ բժշկվում են, և ամենքն էլ սկսում են խոսել էնպես, ինչպես թագավորն է խոսում՝ հազիվ լսելի շշուկով, և կարճ միջոցում էս տերության մեջ շշուկը դառնում է խոսելու ընդունված ձևը։

Մենակ թագավորի պալատում ապրող անծանոթն էր, որ հեշտ էր լսում թագավորին և մենակ նա էր, որ չէր շշնջում,