Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/305

Այս էջը հաստատված է

չէ, վրանը ներս թռավ էն դեղին թռչնակը, թառ եղավ կնոջ ուսին ու ականջի տակին սկսեց երգել մի հրաշալի երգ, թե ինչպես են ապրում նրա քույրերն էնտեղ երկնքում։ Ու չքնաղ կինը, որ մի ժամանակ աստղերի վրա էր ապրել, հիշեց երկնային կյանքն ու իր անցած երջանկությունները, մոռացավ երկրային ամեն բան, վեր կացավ, քամու նման թռավ դեպի նվիրական շրջանը, հենց էնտեղ հասավ, որ քույրերը իջնում էին երկիրը։ Տեսնելով իրենց քրոջը՝ շրջապատեցին ու սկսեցին աղաչել, որ իրենց հետ վերադառնա երկինք՝ տուն։

— Բայց Բարձր փետրավորը լավ մարդ է ու ինձ շատ է սիրում, ի՞նչպես թողնեմ նրան,— ասավ աղջիկը։

Մեծ քույրը տեսնելով, որ փոքրը դժարանում է թողնել ամուսնուն, ասավ․

— Դե մնա՛, եթե չես կարող բաժանվել նրանից․ բայց խնդրում եմ, գոնե մի ժամով մեզ հետ երկինք բարձրացիր մեր հորը տեսության։ Էն օրվանից ինչ դու հեռացել, իջել ես երկիր, նա շարունակ դարդ է անում։

Չէր կամենում գնալ փոքր քույրը, բայց էնքան էր հորը կարոտել, որ անունը լսելուն պես մտավ խորհրդավոր զամբյուղը՝ մի անգամ էլ նրան տեսնելու համար։ Հեր ու աղջիկ որ իրար տեսան, երկուսն էլ շատ ուրախացան ու խոսեցին, խոսեցին, էնքան խոսեցին, որ կապուտակ երկինքը մթնաժոռեց, ու աղջիկը հիշեց, որ ուշացել էր, պետք է նորից իջներ երկիր, իր ամուսնու մոտ։

— Էդ երբեք չի չինի,— ասավ հերն աղջկանը․ փակեց նրան մի մեծ սպիտակ ամպի մեջ ու հայտնեց, թե դուրս չի թողնելու էն ամպից, մինչև չի խոստանա, որ էլ չի վերադառնալ երկիր։ Աղաչեց, պաղատեց աղջիկը, բայց իզուր։ Ապա թե լաց եղավ ու սկսեց արտասվել, արտասուք թափել էնքան առատ, որ սպիտակ ամպն էլ մթնեց ու սկսեց արտասուք թափել նրա հետ։ Հերը տեսավ, որ եթե շարունակի փակած պահել, աղջիկն արտասուքով կողողի, երկիրը, բաց թողեց։

— Ի՞նչ անեմ,— ասավ,— որ մնաս մեզ մոտ ու երջանիկ ապրես։

299