Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/309

Այս էջը հաստատված է

 Ոչ ոք էչ չի իմանում սրա գաղտնիքը։ Չեն իմանում, թե էս բոլորը Վասիլիսայի մոր թողած տիկնիկն է անում։

Բաժին կտային, Վասիլիսան ամենալավ պատառը կպահեր իր տիկնիկի համար։ Իրիկունը, երբ ամենքը կպառկեին քնելու, նա իր նկուղում կփակվեր ու տիկնիկի հետ կխոսեր․

— Տիկնիկ ջան, ա՛ռ, անո՛ւշ արա,
Իմ սև դարդին ականջ արա,
Հորս օջախումը ապրում եմ ես
Միշտ անխնդում ու լուռ էսպես։
Իմ խորթ մերը խաթուն—խանում
Ինձ աշխարհքից դուրս է անում։
Ասա՛, հոգի՛ս, էս ցավի դեմ
Ես ի՞նչ անեմ, ես ո՞նց անեմ։


Տիկնիկը կուտեր, խորհուրդներ կտար, կմխիթարեր, առավոտն էլ նրա բան ու գործն էլ ինքը կաներ։ Վասիլիսան իրեն համար դինջ ու հանգիստ կնստեր ծառերի շվաքներում, ծաղիկ կքաղեր ու մին էլ էն կտեսներ, որ իր մարգերը քաղհանած են, բանջարեղենը՝ ջրած, ջուրը՝ բերած, կրակն՝ արած։

Էսպես մի քանի տարի անց է կենում։ Վասիլիսան մեծանում է, հասնում, դառնում հարսնացու։ Ամեն կողմից փեսացուները խնամախոսներ են ղրկում նրան ուզելու, իսկ խորթ մոր աղջիկներին հարցնող չկա։ Չար կինը ավելի է կատաղում, թե մեծերից առաջ փոքրին չեմ կարող մարդու տալ։ Խնամախոսներին էսպես ճամփու է դնում ու բռնում Վասիլիսային ծեծում, ջարդում, ջիգրը նրանից է հանում։

Մի անգամ էլ էս վաճառականը առևտրական գործերով ուրիշ աշխարհ է գնում։ Խորթ մերն ուրիշ տուն է փոխվում։

Իսկ էս նոր տան կողքին մի մութն անտառ է լինում, էն անտառում էլ բնակվելիս է լինում մի Կախարդ պառավ, որ ոչ ոքի մոտ չի թողնում, մարդկանց էնպես է ուտում, ոնց որ հավի ճուտեր։ Խորթ մերը ամեն մի դատարկ բանի համար շարունակ անտառն է ղրկում իր աչքի փուշ Վասիլիսային, թե ինչ է՝ Կախարդի ճանկն ընկնի։ Բայց տիկնիկը միշտ Վասիլիսային ճամփա է սովորեցնում, չի թողնում