- Թո՛ւհ, թո՛ւհ, թո՛ւհ, մարդմարդահոտ է գալիս․․․ ո՞վ կա էստեղ․․․
Վասիլիսան էն կողմից ահուդողով մոտենում է, խորը գլուխ է տալիս ու ասում․
- Ես եմ, նանի՛ ջան, իմ խորթ մոր աղջիկներն ինձ ղրկել են քեզ մոտ՝ կրակի։
- Լա՛վ, լա՛վ,- ասում է Կախարդը,- ճանաչում եմ՝ ինչ պտուղներ են։ Դե՛, ինձ մոտ կացի ու աշխատի։ Որ ինձ մոտ կենաս ու աշխատես, կրակ կտամ տանես նրանց համար, թե չէ քեզ էլ կուտեմ։
Ետո դառնում է իր դարպասին ու ճչում․
- Հե՜յ, բացվեցե՛ք, ամուր փակեր, ե՛տ գնացեք, լեն դարպասնե՛ր․․․
Դռները իսկույն բացվում են։ Կախարդը սուլելով ներս է մտնում, Վասիլիսան էլ՝ ետևից, ու բոլորը նորից փակվում են։
Ներս են մտնում թե չէ՝ Կախարդ պառավը իր տախտի վրա ձգվում է ու Վասիլիսային ասում․
- Հապա մի էստեղ բեր կրակի կողքին ինչ որ կա, սոված եմ, ուզում եմ հաց ուտեմ։
Վասիլիսան ցանկապատի գանգերից մարխը վառում է ու իրար ետևից բերում ուտելիքները պառավի առաջը շարում։ Ուտելիքն էնքան է լինում, որ տասը հոգի ուտեին, հերիք կաներ։ Ներքնատնից էլ գինի, արաղ է բերում, ու պառավը նստում է ընթրիքի։ Բոլորն ուտում է, խմում, Վասիլիսային թերմացքից մի քիչ բան է թողնում ու վռչալով պառկում է քնի։ Քնելուց առաջ գլուխը վեր է քաշում, Վասիլիսային ասում․
- Լա՛վ մտիկ արա, հա՜, առավոտը որ ես կերթամ, դուռը կսրբես, խրճիթը կավլես, ճաշը կեփես, լվացքը, կանես, հետո կերթաս հորից մի թաղար ցորեն կհանես, կընտրես, սև տրիճը կջոկես։ Միայն թե տե’ս, ամեն բան արած լինի Էնպես, ինչպես ասում եմ, թե չէ՝ քեզ կուտեմ։
Պատվիրում է ու քնում։ Վասիլիսան պառավի թերմացքը տանում դնում է իր տիկնիկի առջև, հետն արտասուք է թափում, հետն ասում․