Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/313

Այս էջը հաստատված է



— Կե՛ր, տիկնի՛կ ջան, անո՛ւշ արա,
Իմ սև դարդին ականջ արա։
Չար պառավը իմ ուժից վեր
Տվել է ինձ ծանր գործեր․
Անեմ՝ էնքան ես ուժ չունեմ,
Չանեմ՝ կուտի, ես ի՞նչ անեմ․․․


Տիկնիկը պատասխանում է․

— Մի՛ վախենար, սիրուն Վասիլիսա։ Հաց կե՛ր, աղոթի՛ր ու քնի՛ր։ Լուսը կգա, բարին՝ հետը։

Առավոտը ծեգին զարթնում է Վասիլիսան, տեսնում է՝ պառավն արդեն վեր է կացել, լուսամուտից դուրս է նայում, ու գանգերի աչքերը հետզհետե մարում են։ Ահա ցոլաց և սիպտակ ձիավորն, ու լուսը բացվեց։ Պառավը դուրս ելավ, սուլեց, հայտնվեցին սանդը, թակն ու ոտնավելը, ցոլաց կարմիր ձիավորը․ արևը ծագեց։ Ու պառավը մտավ սանդի մեջ, թռավ գնաց, թակով թակելով, ջարդելով, փշրելով ու քշելով, ոտնավլով հետքը սրբելով ու ավլելով։

Վասիլիսան էլ ետ մնում է մենակ։ Ման է գալիս պառավի տունը, աչք է ածում ամեն անկյուն ու մնում է զարմացած ամեն բանի լիության վրա։ Ապա սկսում է միտք անել, թե ինչպե՛ս անի, որ պառավի պատվերը կատարի։ Մին էլ տեսնում է՝ ամեն բան կատարած, պատրաստ, ու տիկնիկը ցորնի վերջին տերեփուկներն է ջոկում։

— Քեզ միայն էն է մնում, որ կերակուրն եփես, Վասիլիսա,— ասում է տիկնիկը ու մտնում գրպանը։

Իրիկնադեմին Վասիլիսան սեղանը բաց է անում ու սպասում է պառավին։ Սկսում է մթնաժոռել։ Դարպասի առջև սևին է տալի սև ձիավորն, ու ակնակիր մութը կոխում է գետինը։ Միայն գանգերի աչքերն են, որ վառվում են խավարում։

Ապա անտառն սկսում է ճռճռալ, ու խաշամը՝ խշխշալ, պառավը գալիս է։ Վասիլիսան դուրս է գալի դեմը։

— Հը՜, ամեն բան պատրա՞ստ է, թե չէ։

— Պատրաստ է, նանի՛ ջան, արի՛ քո աչքովը տես,— պատասխանում է Վասիլիսան։