Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/314

Այս էջը հաստատված է

Պառավը ներս է մտնում, տեսնում՝ ամեն բան պատրաստ, ու կատաղում է, որ բարկանալու բան չկա։ Ասում է․

- Դե՛ լավ,- ու ճչում է․- իմ ընկերնե՛ր, իմ ա՛ջ ձեռներ, եկեք, տարեք, իմ աղունն աղացեք։

Էս ձենի վրա երեք ջուխտ ձեռքեր են հայտնվում, ցորենն առնում տանում։

Պառավն ուտում է, կշտանում, սկսում է պառկել ու Վասիլիսային նոր հրամաններ է տալիս, ասում է․

- Էգուց էլ էն կանես, ինչ որ էսօր արել էիր, ու բացի դրան՝ հորիցը մի թաղար խաշխաշի սերմը կհանես ու հողը կջոկես հատիկ-հատիկ։ Չեմ իմանում, թե ով է հողն ու խաշխաշն իրար խառնել։

Ասում է, երեսը պատին անում ու խռմփացնում։

Վասիլիսան գնում է դարձյալ տիկնիկին ուտեցնում ու հարցնում։

- Աղոթի՛ր ու քնի՛ր, Վասիլի՛սա,- պատասխանում է տիկնիկը,- լուսը կգա, բարին՝ հետը։ Ամեն բան պատրաստ կլինի վաղը։

Առավոտը էլ ետ իր սանդն է մտնում պառավն ու գնում, իսկ Վասիլիսան իր տիկնիկի հետ ամեն բան անում են, վերջացնում։ Պառավն իրիկունը վերադառնում է, մտիկ է տալիս ու կանչում․

- Իմ ա՛ջ ձեռներ, իմ ընկերնե՛ր, եկեք, տարեք, խաշխաշից յուղ հանեցեք ինձ համար։

Իսկույն հայտնվում են երեք ջուխտ ձեռներ, խաշխաշն առնում են տանում։

Ապա պառավը ընթրիքի է նստում, իսկ Վասիլիսան լուռ կանգնած է առաջին։

- Ինչո՞ւ չես խոսում,— հարցնում է Կախարդը,- էնպես լուռումունջ կանգնել ես, կարծես թե բերանումդ լեզու չկա։

- Չեմ համարձակվում խոսեմ, նանի՛ ջան, - պատասխանում է Վասիլիսան,- իսկ եթե դու հրաման ես տալի խոսելու, մի բան կհարցնեմ։

- Հարցրո՛ւ, միայն թե իմացած եղիր, լավ չի, որ ամեն բան իմանաս, շատ իմանաս, շուտ կպառավես։

308