Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/316

Այս էջը հաստատված է

Մյուս օրն իրիկունը վերջապես տուն է հասնում։ Որ հասնում է, ուզում է ձեռքի գանգը դեն գցի, մտքումն ասում է՝ մինչև հիմի երևի արդեն կրակ կլինեն արած։ Էս մտքի մեջ՝ մին էլ հանկարծ գանգից մի խուլ ձեն է գալի․ «Ինձ դեն մի՛ գցիլ, տար քո խորթ մոր մոտ․․․»։

Տանն էլ մտիկ է տալիս, տեսնում է մութը, կրակ չի երևում, գանգը հետը ներս է տանում։

Խորթ մերն ու իր աղջիկներր Վասիլիսին որ տեսնում են, սկզբումը ուրախ հանդիպում են, պատմում են, թե էն օրվանից, ինչ դու գնացել ես, մեր տանը դեռ կրակ չի վառվել։ Մենք չենք կարողացել կրակ անենք, հարևաններից էլ ինչքան բերել ենք, տուն ենք հասցրել թե չէ՝ հանգել է։

- Հիմի քո կրակը վառ կմնա,- ասում է խորթ մերը։

Գանգը ներս են տանում թե չէ՝ աչքերն էնպես են նայում խորթ մորն ու իր աղջիկներին, որ էրում են, կրակում։ Ուզում են թաքչեն, բայց ուր որ թաքչում են, աչքերը ամեն տեղ հետևում ու նայում են նրանց, էրում, կրակում են նրանց։

Ու լուսադեմին խորթ մ՛երն ու իր աղջիկներն արդեն էրվել, ածուխ էին կտրել․ միայն Վասիլիսային էր, որ ոչինչ չէր եղել։

Առավոտը Վասիլիսան գանգը հողումը թաղում է, տան դուռն ամուր կողպում, ինքը գնում է քաղաք, մի անորդի պառավի խնդրում է, որ մոտը կենա, մինչև իրեն հերը օտարությունից գա։ Պառավը սիրով ընդունում է իր աղջկա նման, Վասիլիսան էլ նրան սիրում, պատվում է իր մոր պես, մոտը ապրում է ու սպասում։ Պարապությունից որ հոգնում է, մի օր էլ պառավին ասում է․

- Էսպես պարապ-սարապ նստելուց հոգնում եմ, նանի՛ ջան, ի՛նչ կլինի, գնաս վուշ առնես, բերես, մանած անեմ։

Պառավը գնում է, վուշ է առնում, բերում։ Վասիլիսան նստում է, մանած անում, էնքան բարակ ու նուրբ, ոնց որ մազ։ Մանածն անում է պրծնում, հիմի պետք է գործի։ Բայց էն տեսակ տորք չի գտնվում, որ էն մանածին գա, ոչով էլ չի կարողանում շինի։ Վասիլիսան էլ ետ իր տիկնիկին է խնդրում։