Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/322

Այս էջը հաստատված է

գավազանով զարկում է քնած աղջկանը, դարձնում է քար, իր ոսկով ու արծաթով լիքը քսակն առնում, ետ գնում իր տունը։

Սրա վրա մի տարին ու մի օրն անց են կենում․ միջնակ աղջիկը տեսնում է, որ քույրը ետ չեկավ, մորն ասում է․

— Ինչպես երևում է, քույրս բախտավորվել է ու լավ է ապրում․ ամոթ չի՞, որ հենց ես տանը նստեմ պարապ—սարապ։ Մի բաղարջ թխի՛ր, տուր ինձ, գնամ աշխարհեաշխարհ ման գամ, իմ բախտը գտնեմ։

Մերը հարցնում է, թե՝ ո՞րն ես ուզում․ բաղարջի կեսն ես ուզում իմ օրհնանքի հե՞տ, թե՞ ամբողջ բաղարջն ես ուզում՝ առանց իմ օրհնանքի։

— Ամբողջ բաղարջն եմ ուզում՝ առանց քո օրհնանքի,— պատասխանում է աղջիկը, ամբողջ բաղարջն առնում է ու ճամփա ընկնում, ասում է․

— Մի տարուց ու մի օրից ետը թե եկա՝ եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ։

Գնում է։ Սա էլ մեծ քրոջ նման է վարվում ու նրա բախտին է արժանանում։

Մի տարին ու մի օրն անց են կենում, ետ չի գալիս։ Փոքրը աղջիկն ասում է․

Իմ քույրերն արդեն հասան իրենց մուրազին, մի՞թե հենց ես պետք է մնամ էսպես անբան ու անգործ նստած, անպետք ինձ համար էլ, ուրիշների համար էլ։ Մի բաղարջ թխի՛ր, մայրի՛կ, ես էլ գնամ իմ բախտի ետևից ման գամ։

Մերը հարցնում է, թե՝ ո՞րն ես ուզում, կես բաղարջն ես ուզում իմ օրհնանքի հե՞տ, թե՞ ամբողջ բաղարջն՝ առանց իմ օրհնանքի։

Փոքր աղջիկը թե՝ կես բաղարջն եմ ուզում, քո օրհնանքը հետը։

Մերը կես բաղարջը տալիս է իրեն, օրհնում ու ճանապարհ դնում։

Իր քույրերի նման սա էլ երկար դեսուդեն թափառելուց ետը գալիս է հասնում կախարդի կացարանին ու աղախին է մտնում նրա մոտ։ Ու հենց նրանց պես սա էլ մի օր ծխնելուզի