Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/327

Այս էջը հաստատված է

ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ՝ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ՝ կրկնակի գերի…

— Ա՛յ, էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…

— Էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։

Եվ ահա տեսնում եք՝ անտուն, անտեր թափառում եմ ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար…

Ամենքի սիրտը շարժվեց։

— Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ․ հրես, թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվեց աղքատներից մինը։

— Գանգա՜տ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա, կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։

— Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները,— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։

Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը իր ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև, թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու

321