Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/33

Այս էջը հաստատված է

որ ձեռք քաշի «կեղտոտ բանից». բայց այդ չէր հաջողվում։

— Ես ասում եմ, որ արին պետք է անեմ… հիմի էս ա, որ ասում եմ…— իբրև հաստատ որոշում շուտ-շուտ կրկնում էր Սիմոնը, սակայն բոլորն էլ գիտեին, որ նա արյուն անող մարդ չի։

Սանդրոյի ընկերներից մեկը պատի տակը քաշեց տանուտերին, ականջումը մի բան փսփսաց, տանուտերն էլ Սիմոնին մի կողմ քաշեց՝ ականջումը փսփսաց։

— Չեմ ուզում,— նրա ձեռքից ազատվելով գոռաց ուստեն,— չեմ ուզում։

— Դե՛ որ չես ուզում, վկաներդ բեր, գործը շարունակում եմ,– դեմքը թթվացնելով ասաց տանուտերը և պաշտոնական դիրք ընդունեց։

Սիմոնը չվախեցավ։

— Ա՛յ վկա,― համարձակ ցույց տվեց Մարուշին։

— Դա երեխա ա, երեխի վկայությունը զակոնը չի ընդունում։

— Իմ կնիկը ճանաչել ա,— իսկույն վրա բերեց ուստեն։

— Քու կնիկը շատ կարելի ա սուտ ա ասում, զակոնը առանց ֆակտի գանգատավորի խոսքին չի հավատում,— կրկին խիստ ու կոպիտ մերժեց տանուտերը։

Սիմոնը հուսահատութենից ու կատաղութենից քիչ էր մնում վրա թռչեր, խեղդեր յուր երեսին սառն հանդարտությամբ նայող տանուտերին, բայց իրան զսպելով, հարցրեց,

— Բաս էս ո՞նց պըտի ըլիլ…

— Էնհենց պըտի ըլիլ, որ դրուստն իմանալու համար ես պետք է քննություն անեմ, պետք է քու կնգանը տանեմ դոխտուրի մոտ, որ դոխտուրը քննի…

Սիմոնը մնաց դիք կանգնած, արյունը գլուխը տվեց, ականջները տժժացին. նա չէր իմանում, թե որտեղ է կանգնած. չար մտքերն արդեն խռնվում էին նրա գլխում…

— Ադա՛, գնացեք սրա կնգանը բերեք,– հրամայեց տանուտերը, և մի աղմուկ ընկավ։ Ոմանք տանուտերին էին խնդրում, ոմանք գնացողներին էին բռնում, ոմանք էլ Սիմոնի հետ էին կռվում յուր «շաշության» համար, որ բանն այստեղ հասցրեց, և աշխատում էին համոզել, որ գոնե այժմ

31