Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/333

Այս էջը հաստատված է
ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ


1914—1915


ԼՈՒՍԵՐԵՍՆ ՈԻ ՎԱՐԴԵՐԵՍԸ

Լինում է, չի լինում՝ մի աղքատ որբևայրի կին։ Ապրելիս է լինում մի փոքրիկ տնակում։ Տնակի առջև մի պարտեզ է ունենում, պարտեզի մեջ՝ երկու վարդի թուփ, մինը՝ սպիտակ վարդի, մյուսը՝ կարմիր։ Էն վարդի թփերի նման էլ երկու փոքրիկ աղջիկ է ունենում, մեկի անունը՝ Լուսերես, մյուսինը՝ Վարդերես։ Երկուսն էլ էնքան էին լավն ու բարի, էնքան սրտով մաքուր ու աշխատասեր, որ կարծես թե հենց էն երկուսն էին էնպես, որ կային բովանդակ աշխարհքում։

Միայն թե Լուսերեսն ավելի հանգիստ էր ու քնքուշ, իսկ Վարդերեսն՝ ավելի կայտառ ու աշխույժ։

Վարդերեսը շատ էր սիրում հանդերում ու մարգերում թռչկոտել, ծաղիկ քաղել ու թռչուն բռնել, իսկ Լուսերեսը նստում էր տանը, տնտեսության մեջ օգնում էր մորը, կամ թե չէ՝ եթե գործ չկար, նրա համար գիրք էր կարդում։ Երկու քույրն էլ էնքան էին իրար սիրում, որ հենց թև թևի տված էին ման գալի, ու երբ Լուսերեսն ասում էր.

— Մենք երբեք չպետք է բաժանվենք իրարից,— Վարդերեսը պատասխանում էր.

— Երբեք, քանի կենդանի ենք։— Իսկ մերն ավելացնում էր.

— Մեկդ ինչ որ կունենաք՝ պետք է կիսեք մյուսիդ հետ։

Երկուսով հաճախ գնում վազվզում էին անտառներում ու պտուղ էին քաղում, ու ոչ մի կենդանի վնաս չէր տալիս, ամենքը վստահ գալիս մոտենում էին նրանց։ Նապաստակը

327