Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/335

Այս էջը հաստատված է

թառի վրա քնած սիպտակ աղավնին, գլուխը կոխած թևի տակը։

Մի իրիկուն էլ, երբ էսպես նստած են լինում, մինը դուռը ծեծում է։ Մերն ասում է.

— Վարդուշ ջան, շուտ վեր կաց, դուռը բաց արա․ անօթևան ճամփորդ կլինի, դուռը ծեծում է։

Վարդերեսը գնում է, դռան փակը ետ գցում, համոզված, որ դուռը ծեծողը մի խեղճ մարդ պետք է լինի, մին էլ ի՞նչ տեսնի. դռան ետևը կանգնած մի ահագին արջ, որ դուռը բացվելուն պես ներս է կոխում իր հաստ գլուխը։ Վարդերեսը վախից ճչում է ու ետ թռչում, գառն սկսում է մայել, աղավնին թևերն է թափահարում, իսկ Լուսերեսը մտնում է մոր մահճակալի ետևը։ Այնինչ արջը լեզու է լինում ու խոսում։ Ասում է.

— Ինչո՞ւ եք վախենում․ ինձանից մի՛ վախենաք, ես ձեզ վնաս չեմ տալ։ Քիչ էր մնում ցրտից սառչեի, եկա մի քիչ տաքանամ։

— Վա՜յ, խեղճ իմ արջ ախպեր,— բացականչում է մայրը։— Դե արի, արի կրակից մոտիկ պառկիր, միայն թե զգույշ կաց, բուրդդ չմրկի… Աղջկե՛րք, Վարդուշ ջան, Լուսիկ ջան, դուրս եկեք, եկեք էստեղ, արջ ախպերը ձեզ ձեռք չի տալ, արջ ախպերը բարի է։

Աղջիկները դուրս են գալիս, կամաց-կամաց մոտկանում են արջին, գառն էլ, աղավնին էլ, ու շուտով ամեն ահ ու երկյուղ վերանում է մեջտեղից։ Արջն էլ ասում է.

— Երեխեք ջան, թե կարաք՝ էս իմ բրդի ձյունը մի թափ տվեք։

Աղջիկները վազում են, ավելը բերում, արջի բուրդը մաքուր սրբում են, ու արջը բավականությունից մռնչալով մեկնվում է կրակի առջև։ Աղջկերքը ձեռաց ընտելանում են իրենց անճոռնի հյուրին ու սկսում են հետը հանաքներ անել։ Բրդի հետ են խաղում, ականջներից են քաշում, մեջքին են կանգնում, հատակին դեսուդեն են գլորում, ճիպոտով խփում են, իսկ եթե սկսում է վռչալ՝ ծիծաղից թուլանում են։ Արջի իրեն քեֆն էլ է գալիս։ Բայց երբ շատ են նեղացնում՝ վռչում է.

829