Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/337

Այս էջը հաստատված է

ցախ ու մախ հավաքեն բերեն։ Գնում են աղջիկները, ման են գալիս, ման, մին էլ տեսնում են՝ անտառում ընկած մի ծառ, ու էս ծառի վրա, խոտերի միջին մի բան էս կողմն է թռչում, էն կողմն է թռչում․ բայց թե ինչ բան է, գլխի չեն ընկնում։ Մոտենում են, տեսնում են՝ մի թզուկ, դեմքը պառավկոտած, միրուքն էլ սիպտակ ու երկա՜ր, երկար։ Էն, որ ասում են՝ ինքը թիզուկես, միրուքը գազուկես, հենց էն ինքն է, որ կա։ Միրքի ծերը մնացել է ծառի ճեղքում, դեսուդեն է ընկնում ու չի իմանում, թե ոնց հանի։ Աղջկերանցը որ տեսնում է՝ արնոտ աչքերը վրաները չռում է ու գոռում.

— Ի՞նչ եք տնկվել էդտեղ։ Չե՞ք կարող մոտ գալ ու օգնել։

— Էդ ի՞նչ է պատահել, գաճաճ քեռի,— հարցնում է Վարդերեսը։

— Ապո՛ւշ, անասո՛ւն, հարցնում է՝ ի՞նչ է պատահել… Ի՞նչ պետք է պատահեր․ ուզում էի ծառը ճղեմ, մանր տաշեղներ անեմ մեր խոհանոցի համար, թե չէ՝ մեծ փետերից էրվում են մեր կերակուրները, մենք հո էնքան շատ չենք ուտում, ինչքան դուք, էդ կոպիտ ու անկշտում խալխդ, սեպը զարկեցի, հանկարծ դուրս թռավ, ծառի ճեղքն էլ էնպես արագ փակվեց, որ վրա չհասցրի միրքիս ծերը միջիցը հանեմ։ Միրքիս ծերը մնաց ծառի ճեղքի մեջն, ու ահա էսպես չարչարվում եմ, չեմ կարում հանեմ, իսկ դուք կանգնել եք, բերաները բաց եք արել ու հռհռում եք. ապուշնե՛ր, լպստածնե՛ր… թո՜ւ, զահլես ինչպես է գնում…

Աղջիկները վրա են գալի, ուժ են անում, քաշում են, քաշում են, չեն կարողանում թզուկի միրուքը ծառի ճեղքիցը հանեն։

— Կացեք, ես գնամ մարդիկ կանչեմ,— ասում է Վարդերեսը։

— Հիմարի գլուխ,— վրա է պրծնում թզուկը.— ի՞նչ եմ անում մարդիկը։ Դուք հերիք չե՞ք, որ զահլես գնա, դեռ ուրիշներին էլ կանչեցեք։ Կարող ե՞ք, մի ուրիշ բան էլ հնարեցեք…

Լուսերեսն ասում է.

331