Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/338

Այս էջը հաստատված է

 — Մի քիչ համբերիր, ես ճարը գտա։— Ասում է, գրպանից մկրատը հանում ու թզուկի միրքի ծերիցը կտրում։ Թզուկն ազատվում է թե չէ՝ իսկույն շալակն է գցում իր ոսկով լիքը տոպրակը, որ ծառի փչակումը պահել էր, ու գնում է քթի տակին փնթփնթալով.

— Ա՛յ քեզ անտաշ խալխ… եկան էս փառավոր միրքիս ծերը կտրեցին թողին։ Գետինը մտնեք դուք, գետինը…

Էսպես մրթմրթալով տոպրակը շալակում է, առանց ետ մտիկ տալու գնում։

Էս դեպքի վրա մի քանի ժամանակ անց է կենում, մի օր էլ աղջիկները գնում են ձուկը բռնելու։ Գետափին մոտենում են, տեսնում են՝ ծղրիդի նման մի բան էստեղ ետ ու առաջ է թռչկոտում ու քիչ է մնում՝ ջուրն ընկնի։ Մոտ են վազում, տեսնում են՝ իրենց ծանոթ թզուկը։

— Էդ ի՞նչ ես անում էդտեղ, գաճաճ քեռի,— հարցնում է Վարդերեսը։

— Ապուշնե՛ր, չե՞ք տեսնում՝ ինչ եմ անում… Չե՞ք տեսնում՝ անիծած ձուկն ինձ ուզում է ջուրը քաշի…

Դու մի՛ ասիլ՝ թզուկը գետափին նստած՝ կարթով ձուկը բռնելիս է լինում, հանկարծ քամին փչում է ու միրուքը փաթաթում կարթի թելին։ Հենց էդ խառնված ժամանակը մի մեծ ձուկն է ընկնում կարթի մեջն ու թզուկին զոռ է անում, քաշում է դեպի ներս։ Սա գետափի թփերից ու խոտերից է կպչում, բայց բան չի դառնում, ձուկը տանում է։ Աղջիկները ժամանակին վրա են հասնում, իրեն պինդ բռնում են ու աշխատում են միրուքը թելից բաժանեն, չեն կարողանում, էնպես խճճված են լինում իրար։ Էլ ուրիշ ճար չի մնում, մկրատը հանում են, դարձյալ միրքիցը կտրում, իրեն ազատում։ Ազատվում է, տեսնում է՝ միրքիցը էլի կտրել են, սկսում է վրաները ճղճղալ.

— Ա՛յ դուք անասուններ, էս մի՞թե կարգ է, հը՞։ Դուք համարձակվեք իմ երեսն էսպես այլանդակե՞լ… Հերիք չէր էն օրը միրքիս ծերը կտրեցիք, հիմի էլ ամենալավ մասը տարաք, հը՞… Ես հիմի ի՞նչպես մերոնց երևամ… Ա՛յ գետինը մտնեք դուք, գետինը…

Վերցնում է իր մարգարտով լիքը տոպրակը, որ թաքցրել էր

332

8