ու մարմինը պատեցին։ Մազերի տակից աչքերը փայլում էին ջուխտ աստղի նման, ու այտերը վառվում էին կարմիր խնձորի ծաղկի պես։
Բայց ինքը՝ տխո՜ւր–տխո՜ւր։ Գետին ընկավ ու սկսեց աղի-աղի լաց լինել։ Աչքերից արտասուքներն իրար ետևից թափվում էին գետին։ Էսպես նստած լաց էր լինում ու երկար կմնար էս դրության մեջ, եթե հանկարծ մոտակա ծառերից մի խշխշոց չլսվեր ու հետն էլ մի չրտկոց։ Հրացանի ձենը լսած եղնիկի նման տեղիցը ծլունգ եղավ, իսկույն մտավ իր հին խորխի մեջ ու մի ակնթարթում չքացավ, տեղնուտեղը հանգավ, ոնց որ ճրագին փչես՝ հանգչի։ Տերևի նման դողալով՝ հասավ իրենց տնակը։ Տեսավ՝ մերը շեմքում կանգնած սպասում է։ Ուզեց պատմի, պառավը մեղմորեն ասավ.
— Լավ, լավ, աղջիկս, ես ամեն բան գիտեմ։— Ասավ, ներս տարավ, մարխը վառեց ու մանածը թողած՝ ավելն առավ, սկսեց տնակն ավլել։
— Ամեն բան իստակ ու մաքուր պետք է լինի։
— Նանի, էս գիշերվա կիսին ինչո՞ւ ես տունը վեր քաղում։ Մարդ պետք է գա՞, ի՞նչ է։
— Գիտե՞ս, որ ժամն է, աղջիկս,— հարցրեց պառավը։
— Դեռ գիշերվա կեսը չկա, բայց մոտիկ է։
— Իսկ մտքովդ չանցա՞վ, որ սրանից երեք տարի առաջ մին էլ էսօր ես եկել դու ինձ մոտ։ Հիմի էս գիշեր ժամանակը լրացավ, ու մենք էլ միասին ապրել չենք կարող։
Աղջիկը գունատված հարցրեց.
— Նանի ջան, մի՞թե ուզում ես ինձ դուրս անես քո տանից։ Ո՞ւր գնամ ես։ Ոչ բարեկամ ունեմ, ոչ տեղ, ո՞ւմ մոտ գնամ։ Ինչ ասում ես, անում եմ, դու էլ գոհ ես ինձանից, էլ ինչո՞ւ ես դուրս անում…
Պառավը չէր ուզում ամեն բան պարզի, թե ինչ էր պատահելու աղջկա հետ, ու խոսքը փոխեց։
— Էլ էս խրճիթում չեմ ապրելու, ուզում եմ հեռանամ ու հեռանալիս մաքուր թողնեմ, թող սրբեմ։ Քեզ համար էլ դարդ մի՛ անի, էլ ետ կգտնես քո հորական օջախը ու գոհ կլինես էն վարձով, որ ես կտամ։