Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/35

Այս էջը հաստատված է

 — Ես քեզ ասում եմ զո՛ւր հանիր,— բարկացած հրամայեց աղեն։

Սանդրոն, քթի տակը ժպտալով, մի հնգանոց հանեց, տվեց աղին և ուզում էր հեռանալ։

— Կա՛ց, ո՞ւր ես գնում… դու էլ էստեղ արի, Սիմոն։

— Գալ չեմ, էդ խելքից հեռու բան ա… ես իմ նամուսը փողով չեմ առել, որ փողով էլ ծախեմ։

— Էստեղ մոտի՛կ արի։

— Ասեցի, որ գալ չեմ։

— Դե գնացեք, ասեցի… ես էստեղ խաղ չեմ անում… Շուտ գնացեք, սրա կնգանը բերեք,— կրկին մեջ ընկավ տանուտերը։

— Կացե՛ք, դեռ չգնաք… Սիմո՛ն, քեզ ասում եմ էստեղ արի։

— Առաջ գնա, է՛լի,— խառնիխուռն աղաղակում էին այս ու այն կողմից։

— Գնա բարըշի, հինգ մանեթն առ, է՛լի…

— Տո շաշ, գնա, մուֆթա փող ա, առ ջեբդ դիր. մի տարի որ տանջվես, պատ դնես, էդքան աշխատիլ չես…

— Կասես թե մենձ բան ա էլել… առաջ գնա՛…

Աղաղակելով, շշկլացնելով ու հրելով առաջ բերին Սիմոնին, մոտեցրին Սանդրոյին. աղեն նրանց ձեռք ձեռքի տվեց, հնգանոցը կոխեց Սիմոնի բուռն ու գոռաց՝ պռոշտի՜։

— Պռոշտի՜, պռոշտի՜,— աղաղակեցին գյուղացիք։

Սիմոնն անզգայաբար գլուխն առաջ ծռեց։

— Անո՜ւշ, անո՜ւշ,— ձայն տվին գյուղացիք։

Հաշտությունը կայացավ…։ Երբ որ սկսեցին արդեն ուրիշ բաներից խոսալ, Սիմոնն աննկատելի կերպով, փոքրիկ Մարուշի ձեռքը բռնած, էնպես թաքուն դուրս եկավ դատարանից, որ ոչ ոք չնկատի…