Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/351

Այս էջը հաստատված է

մարխի լույսը նշմարել են, էն լուսի վրա գնում են։ Երիտասարդը պատմում է նրանց ջրհորի մոտ իր աչքով տեսած հրաշքը, ու էլ ոչ մի կասկած չի մնում, որ էն աղջիկը իրենց որոնած աղջիկը պիտի լինի։ Երկուսը դառնում են երեք ու գնում։ Գնում են, գնում, հասնում են պառավի տնակին։ Տեսնում են՝ սագերը պառավի տնակի չորս կողմը բռնած, գլուխները թևների տակը կոխած քնած են։ Ոչ մինը ոչ շարժվում է, ոչ ձեն է հանում։ Լուսամուտիցը ներս են նայում. տեսնում են՝ ներսը պառավը նստած իրեն համար իլիկ է մանում։ Տունն էլ էնքան մաքուր սրբած, վեր քաղած, հենց իմանաս՝ մեջը հուրի-փերիներ էին ապրում, որ չգիտեն՝ աղբն ու փոշին ինչ բան է։ Էս ամենը տեսնում են, բայց իրենց աղջկանը չեն տեսնում։ Չկա։ Միառժամանակ էսպես մտիկ են անում, վերջը սիրտները պնդացնում են, լուսամուտը կամաց ծեծում են։ Պառավը կարծես թե հենց սրանց սպասելիս լիներ, տեղիցը վեր է կենում ու քաղցր ձեն տալի.

— Եկեք, ներս եկեք, ես ձեզ ճանաչում եմ։

Ներս են մտնում թե չէ՝ ասում է.

— Թագավորն ապրած կենա, դուք հո էսօր ստիպված չէիք լինիլ էսքան երկար ճանապարհ կտրելու, եթե երեք տարի առաջ ձեր սիրուն ու բարի աղջկանը, չգիտեմ ինչի համար, էնքան անիրավ կերպով դուրս չանեիք ձեր տանից։ Էն էլ էն աղջկանը, որ էնքան սիրում էր ձեզ։ Ասենք, դրանից նրան ոչ մի վնաս չհասավ։ Էս երեք տարին, ճշմարիտ է, նա սագ էր արածեցնում, բայց ոչ մի վատ բան չի սովորել ու իր մաքուր սիրտը պահել է անարատ։ Բայց դուք ձեր արժանի պատիժն առաք հենց էն ահուդողով, որով ապրում էիք էս երեք տարին։

Ապա մոտենում է կողքի դռանն ու կանչում.

— Դուրս արի, աղջիկ ջան։

Դուռը ետ է բացվում, մետաքսե զգեստը հագին հայտնվում է թագավորի աղջիկը, ոսկի մազերը արձակ թափված ուսերին ու թիկունքին, աչքերը՝ ցոլուն աստղեր, ու ինքը ամբողջ կարծես թե հրեշտակ էր, որ երկիր իջավ։

Դուրս է զալիս, վազում է, ընկնում հորն ու մոր վզովը

345