Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/353

Այս էջը հաստատված է
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՂԸ

Մի աշուղ է լինում։ Օրերից մի օր էս աշուղը մենակ վեր է կենում, գնում անտառը։ Անտառում դես է մտածում, դեն է մտածում, մինչև որ մտածելու բանը հատնում է։ Որ մտածելու բանը հատնում է, «Օ՜ֆ,— ասում է,— ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակը էստեղ։ Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար…»։

Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում։ Ջութակի ձենը հնչում է անտառում։ Էս ձենի վրա անտառի խորքից վազեվազ դուրս է գալիս մի գել։

— Ա՜խ, գելը,— հառաչում է աշուղը։— Բայց ես սրան չէի ուզում… Ես գիլի հետ ի՞նչ անեմ…

Իսկ գելը մոտ է գալիս ու սկսում է խոսել։

— Էդ ի՜նչ լավ ես նվագում, վարպետ։ Ի՞նչ կլինի, ինձ էլ սովորեցնես։

— Սրա սովորեցնելն ինչ բան է որ,— պատասխանում է աշուղը։— Կսովորեցնեմ, միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես։

— Աչքիս վրա,— խոսք է տալիս գելը։— Էնպես լսեմ, ինչպես աշկերտը վարպետին կլսի։

— Դե որ էդպես է՝ ետևիցս արի։

Գնում են։ Գնում են, գնում են, տեսնում են՝ ճանապարհին՝ մի պառավ կաղնի, մեջը՝ փուչ, ինքը՝ ճղված։

— Դե հիմի լսի՛ր, տես ինչ եմ ասում,— դառնում է աշուղը գիլին,— Եթե ճշմարիտ սրտով ուզում ես նվագել սովորես, ամենից առաջ պետք է առջևի թաթերդ էս ծառի ճեղքումը դնես։

Գելը լսում է վարպետին, առջևի թաթերը դնում է ծառի ճեղքում։ Վարպետը ձեռաց կողքի մեծ քարը վերցնում է,

347