Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/354

Այս էջը հաստատված է

էնպես ուժով զարկում աշկերտի ջուխտ թաթերին ու էնպես խորը մխում ծառի ճեղքի մեջ, որ խեղճը տեղնուտեղը նստում է ու մնում է գերի էն ծառին։

— Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ,— ասում է վարպետն ու գնում։

Մի քիչ որ գնում է, դարձյալ սկսում է ինքն իրեն հետ խոսել.

— 0՜ֆ, ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակն էստեղ… Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար…

Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում։ Մին էլ տեսնում է՝ ծառերի արանքից դուրս եկավ աղվեսը։

— Հիմի էլ աղվեսը… բայց ես սրան էլ չեմ ուզում… Աղվեսի հետ ի՞նչ անեմ,— հառաչում է աշուղը, իսկ աղվեսը գալիս է, առաջը կտրում։

— Էդ ի՜նչ լավ ես նվագում, վարպետ։ Ի՞նչ կլինի, ինձ էլ սովորեցնես։

— Ինչու չէ, կսովորեցնեմ,— պատասխանում է աշուղը,— միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես։

— Աչքիս վրա,— խոսք է տալիս աղվեսը։— Էնպես լսեմ, ինչպես աշկերտը վարպետին կլսի։

— Դե որ էդպես է՝ ետևիցս արի։

Աղվեսն ուրախ–ուրախ ընկնում է վարպետի ետևից, ու գնում են։ Գնում են, գնում են, մտնում են մի նեղ կածան, երկու կողմից՝ բարձր թփեր։ Վարպետն էստեղ կանգ է առնում, ճամփի մի կողմից մի փոքրիկ ընկուզի ծառի ծեր է կռացնում դեպի գետին ու ոտը դնում վրեն, մյուս կողմից էլ մի ուրիշ ծառ ու կանչում է աղվեսին։

— Հապա դե ե՛կ, սիրելիս, եթե ուզում ես բան սովորես, դեսը բեր առջևի ձախ թաթդ։

Աղվեսը լսում է, թաթը մեկնում է։ Վարպետը բռնում է, կապում ձախ ծառի կատարին։ — Դե հիմի էլ աջը բեր։

Աջն էլ կապում է աջ կողմի ծառի կատարին։ Հետո մտիկ է անում՝ ամուր են կապված, թե չէ, ու բաց է թողնում ծառերի կատարները։ Ծառերը ետ են գնում, վերև են թռցնում աղվեսին, ու սկսում են ճոճել օդի մեջ։

848