Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/355

Այս էջը հաստատված է

— Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ,— ասում է վարպետն ու շարունակում իր ճամփեն։

Մի քիչ որ անց է կենում, նորից սկսում է ինքն իրեն խոսել.

— Օ՜ֆ, ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակն էստեղ… Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար…— Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում։

Ոստոստալով առաջն է ելնում մի նապաստակ։

— Համեցեք. հիմի էլ նապաստակը… բայց ես սրան էլ չեմ ուզում… Ես նապաստակի հետ ի՞նչ անեմ,— հառաջում է աշուղը, իսկ նապաստակը մոտ է գալի։

— Էդ ի՜նչ լավ ես նվագում, վարպետ։ Ի՞նչ կլինի, ինձ էլ սովորեցնես։

— Ինչու չէ, կարելի է, և հեշտ էլ կսովորես։ Միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես։

— Աչքիս վրա,— խոսք է տալիս նապաստակը։— Էնպես լսեմ, ինչպես աշկերտը վարպետին կլսի։

— Դե որ էդպես է՝ ետևիցս արի։

Գնում են։ Գնում են, գնում են, դուրս են գալիս անտառի մեջ մի բացատ։ Բացատի մեջտեղը կանգնած է լինում մի բարդի։ Վարպետը մի թոկ է հանում, թոկի մի ծերը ծառից է կապում, մյուս ծերը՝ նապաստակի վզից ու կանչում է.

— Հապա, իմ խլուշիկ, դե մի քսան անգամ էս ծառի բոլորքով պտուտ արի, տեսնեմ քո ճարպիկությունը։

Նապաստակը լսում է. քսան անգամ պտուտ է գալի ծառի բոլորքով։ Թոկը փաթաթվում է ծառին, խեղճը մնում է ծառին կպած ու քանի ձիգ է տալիս, քաշում, քաշքշում, էնքան թոկը վիզը կտրում է։

— Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ,— ասում է վարպետն ու իր ճամփեն շարունակում։

Վարպետի գնալուց ետը դես է ձիգ տալի, դեն է ձիգ տալի գելը, քարն է կրծում, ծառն է կրծում, էնքան անում է, մինչև թաթերը հանում է կաղնու ճեղքից։ Հանում է ու, թե չորս ոտն ուներ՝ չորսն էլ փոխ է առնում, կատաղած, գազազած ընկնում է վարպետի ետևից, որ հասնի պատառ–պատառ

849