Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/356

Այս էջը հաստատված է

անի։ Օդում ճոճվող աղվեսը հեռվից ազատ գիլին տեսնում է թե չէ՝ սկսում է լաց լինել ու աղաղակել.

— Գել ախպե՜ր, գել ախպե՜ր, հասի՜ր, օգնիր ինձ, էն վարպետը ինձ խաբեց։

Գելը հասնում է. ծառերը կռացնում, թոկերը կրծոտում, կտրատում, աղվեսին ազատում, ու երկուսով միասին ընկնում են վարպետի ետևից, որ իրենց վրեժը հանեն։

Գնում են, գնում են, ճամփին պատահում են ծառին փաթաթված նապաստակին։ Սրան էլ էստեղ են ազատում ու երեքով միասին լարվում են ընդհանուր թշնամու՝ վարպետի ետևից։

Վարպետը շարունակում է իր ճանապարհն անտառում։ Մի անգամ էլ նվագում է, ու էս անգամ բախտը բանում է։ Ջութակի ձենը լսում է մի աղքատ փայտահատ, գործը թողնում է, կացինը դնում է կռնատակին, գալիս է կանգնում երգը լսելու։

— Վերջապես եկավ իմ ընկերը,— բացականչում է վարպետը։ — Ես մարդ էի որոնում, ոչ թե վայրենի գազաններ։– Ու սկսում է նվագել էնքան սրտառուչ, էնքան հրաշալի, որ փայտահատը զմայլում է, սիրտը կրծքում ուրախությունից խաղս է լինում։ Հենց էս ժամանակ վրա են հասնում գելը, աղվեսն ու նապաստակը։ Փայտահատը նկատում է, որ նրանց մտքում չար բան կա վարպետի դեմ, իսկույն առաջ է անցնում, բարձրացնում է իր սուր կացինն ու ասում.

— Ով սրա վրա գա, իմացած կենա, որ ինձ հետ է գործ ունենալու։

Գազանները էս որ տեսնում են՝ սարսափում են ու, պո՛ւկ, ետ են փախչում դեպի անտառի խորքերը։ Վարպետը փայտահատին շնորհակալություն անելու համար մի երգ էլ նվագում է ու գնում։ Գնում է, հասնում է իր տունը, ջութակը պատին կախում ու պառկում։ Գիշերը գալիս է, ուզում է քնի, քունը չի տանում։ Շարունակ գելը, աղվեսն ու նապաստակն են մտքի մեջին։ Մին էլ հանկարծ գիշերվա մի ժամանակը հենց լուսամուտի տակին գելն ու աղվեսը սկսում են ձեն ձենի տալ ու ոռնալ, իսկ նապաստակը նրանց ետևից ծվծվում է.

350