Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/357

Այս էջը հաստատված է

Ճը՛զը–վը՛զը, քաջ վարպետ,
Էն ի՞նչ արիր դու մեզ հետ.
Մեզ տանջել էիր ուզում դուն,
Տանջվիր հիմի դե զարթուն.
Մինչև լուսը մենք էսպես
Հանգիստ քուն չենք տալու քեզ…
Ճը՛զը–վը՛զը, քաջ վարպետ,
Էն ի՞նչ արիր դու մեզ հետ…


Երգում են, երգում են անասունները։ Ջութակն էլ պատի վրիցն է սկսում իրեն–իրեն նվագել նրանց հետ ու էնպես աղեկտուր, էնպես ողբալի, որ խեղճ վարպետը չի իմանում՝ ուր կորչի էն երգի ու երաժշտության ձենից։ Ամբողջ գիշերը չի կարողանում աչքը կպցնի, տանջվում է ու տանջվում։

Ծերերն ասում են, իբրև թե վարպետը էն օրվանից ետը ինչքան ապրեց աշխարհքում, ամեն գիշեր նրա լուսամուտի տակ հնչում էր էս տխուր, սրտաճմլիկ երգը.

Ճը՛զը–վը՛զը, քաջ վարպետ,
Էն ի՞նչ արիր դու մեզ հետ…


Ու ջութակը ողբում էր հետը։ Ամեն գիշեր, ամեն գիշեր մինչև լուսը, մինչև իր մահը։