Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/36

Այս էջը հաստատված է
ԼԵՌՆԵՐԻ ՀՈՎԻՎԸ

Լեռնե՜ր… բարձր ու կանաչ լեռներ, դուք հայրենիքն ու գահը զով զեփյուռների, անուշաբույր ծաղիկների, սուրբ ցողերի ու շաղերի, անմահական սառն աղբյուրների, սև-սև ամպերի, հրեղեն կայծակների, ջրեղեն տարափների… Դո՜ւք – մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին, վեհ ու վեհապանծ լեռներ…

Եվ ո՞վ է հողեղեններից այնքան ձեզ նման հպարտ, հզոր, վեհանձն ու մաքուր, որքան ձեր հարազատ որդեգիրը, ձեր մրրիկների ու զեփյուռների, ծաղիկների ու կայծակների ծնունդը, ձեր պահած ու փայփայած հովիվը։

Լեռների հովի՜վը անծանոթ ու խորթ կյանքի սրտամաշ հառաչանքներին, գետնաքարշ արարքներին, հացկատակ խաղերին ու տաղերին, հպարտ ու զվարթ, որպես այդ ձեր վայրենի ծաղիկները։

Բայց ձեր վայրենի ծաղիկներն էլ իրանց բույրով-հրապույրով ընկնում են ծանր ու կոպիտ ոտների տակ և ապականվում, ցեխ դառնում։



Քաղաքում՝ բարձրահարկ տան բակում, յուր սրինգն ածում ու պար էր գալիս մի բարձրահասակ, թիկնավետ երիտասարդ։ Նրա հագին բազմատարազ շորերի ցնցոտիներ էին, գլխին՝ ծանր քրդի քոլոզ։

Զվարթ էր նրա հովվական սրնգի ձայնը, ուրախ էր պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև։ Նրանք երբեմնակի նայում էին վերև, երևի տեսնելու, թե օքմի՞ն կա

34