Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/364

Այս էջը հաստատված է



— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Զալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան ,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։


Կենդանիները միասին պատասխանում են.— Լա՛վ։— Էն ժամանակ ծերունին աղջկանն ասում է.

— Համեցե՛ք, մեր աչքի վրա, սիրուն աղջիկ, մեր դուռը բաց է, տունը՝ լիքը։ Համեցեք, մոտեցիր օջախին, կերակուր շինի մեզ համար էլ, քեզ համար էլ։

Աղջիկը մտնում է խոհանոց և, ճիշտ որ, ամեն բան գտնում է առատ-առատ։ Մի լավ ընթրիք է պատրաստում, բերում է ծերունու առաջ լիքը սեղան է բաց անում, ինքն էլ նրա հետ նստում, ուտում, խմում, կշտանում։ Որ կշտանում է պրծնում՝ Բա ես հոգնած եմ,— ասում է,— հիմի որտե՞ղ քնեմ։ Էստեղ կովը, հավն ու աքլորը պատասխանում են.

— Ողջ դրա հետ դու կերար
Ու խըմեցիր, ինչ որ կար,
Մըտիկ չարիր իսկի մեզ.
Գընա, քընի ուր կուզես։


Էն ժամանակ ծերունին ասում է.

— Բարձրացի, սանդուղքի գլխին մի սենյակ կա։ Էն սենյակում երկու անկողին կա․ անկողինները պատրաստի, ես էլ կգամ, կքնենք։

Աղջիկը վերև է բարձրանում, անկողինները գցում ու է ծերունուն չի սպասում, ինքը պառկում է քնում։ Մի քիչ հետո ծերունին գալիս է, մոմի լուսով նայում է աղջկանը ու գլուխը ժաժ տալի։ Գիշերվա մի ժամանակ, երբ տեսնում է՝ խորը քնած է, մահճակալի տակին մի գաղտնի դուռն է լինում, բաց է անում, աղջկանը թողնում ցած ու կրկին փակում։

Փայտահատը իրիկունը տուն է գալի, բարկանում է կնկա վրա, որ իրեն ամբողջ օրը սոված է թողել։

— Ես ի՞նչ անեմ,— պատասխանում է կինը,— ճաշը տվել եմ մեր մեծ աղջկանը, ղրկել, ինչպես երևում է, ճամփեն կորցրել, է, չի գտել, ինքն էլ ետ չի եկել դեռ։

358