Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/365

Այս էջը հաստատված է

Փայտահատը մյուս օրն էլ առավոտյան վաղ վեր է կենում, գնում անտառը։ Պատվիրում է, որ էս անգամ միջնեկ աղջիկը տանի ճաշը։

— Էսօր հետս ոսպ կվերցնեմ,— ասում է,— որ ճամփին շաղ տամ։ Ոսպը կորեկից խոշոր է, աղջիկս հեշտ կտեսնի ու ճամփեն չի կորցնիլ։

Կեսօրին միջնեկ աղջիկը ճաշն առնում է, ճամփա ընկնում։ Գնում է, գնում, ոչ մի տեղ ոսպ չի գտնում։ Դու մի ասիլ դարձյալ թռչունները կերել են, մի հատ էլ չեն թողել։

Աղջիկն անտառում թափառում է, թափառում, գիշերը ընկնում էլի նույն ծերունու մոտ, հաց ու քնելու տեղ է խնդրում։ Ծերունին դիմում է կովին, հավին ու աքլորին.

— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։


— Լա՜վ,— պատասխանում են կենդանիները։ Միջնեկ քույրն էլ մեծ քրոջ նման ընթրիք է պատրաստում, ծերի հետ ուտում, խմում, կշտանում, կենդանիների վրա ուշք էլ չի դարձնում։ Երբ հարցնում Է, թե՝ ես որտեղ պիտի քնեմ, կենդանիները պատասխանում են.

— Ողջ դրա հետ դու կերար,
Ու խըմեցիր, ինչ որ կար,
Մըտիկ չարիր իսկի մեզ,
Գընա, քընի ուր կուզես։


Հենց նա էլ գնում է թե չէ՝ ետևից գնում է ծերունին, գլուխը թափահարում ու դարձյալ թողնում է ներքև։

Երրորդ առավոտը փայտահատը կնկանն ասում է.

— Էսօր մեր փոքրիկ աղջկա ձեռքով ղրկի ճաշը։ Նա բարի է ու ականջով։ Նա ճամփեն կգտնի, իր քույրերի նման չի, որ դեսուդեն ընկնի։

Մայրը չի ուզում երրորդ աղջկանն էլ անտառը ղրկի։ Լաց է լինում, ասում է.

359