— Աչքիս սև ու սիպտակը սա է մնացել, ինչո՞ւ ես ուզում սրան էլ կորցնես մեծերի նման։
— Դու հանգիստ կաց,— ասում է փայտահատը,— սա կորչիլ չի, սա էնպես խելոք է որ… ես էլ էսօր հետս սիսեռ կտանեմ ճամփին շաղ տալու։ Սիսեռը ոսպ հո չի, նրանով անպատճառ ճամփեն կգտնի։
Բայց երբ աղջիկը ճաշն առած անտառն է մտնում, թռչուններն արդեն սիսեռը կերած են լինում։ Աղջիկը մնում է տարակուսած. չի իմանում, որ կողմը գնա։ Մտածում է, դարդ է անում, թե հիմի հայրը կսովի, մայրը լաց կլինի…
Ման է գալի, ման, հորը չի գտնում։ Երբ մութը ընկնում է, հեռվից տեսնում է անտառի տնակի լուսն ու գնում է էն լուսի վրա։ Մտնում է ներս, տեղ է խնդրում, ու ալեհեր ծերունին դարձյալ դիմում է իր կենդանիներին.
|
— Լա՜վ…— պատասխանում են կենդանիները։ Էն ժամանակ աղջիկը մոտենում է, գուրգուրում հավին ու աքլորին, կովի ճակատը քորում։ Ծերի պատվերով ընթրիք է պատրաստում, դնում սեղանին ու ասում.
— Ինչո՞ւ ես պետք է ուտեմ, էս բարի կենդանիները քաղցած նայեն։
Գնում է, կուտ բերում ածում հավի ու աքլորի առջև, կովի համար էլ մի խորոմ խոտ։
— Կերեք,— ասում է,— իմ սիրելիք, այ հիմի ջուր էլ կբերեմ։
Գնում է, մի դույլ ջուր էլ բերում դնում առաջները։
Ամենքին կշտացնում է, նոր ինքն է նստում ուտում, ինչ որ թողել էր ծերունին։ Իսկ երբ քնելու ժամանակը գալիս է, ասում է.
— Ժամանակը չի՞ արդյոք, որ ամենքս էլ հանգստանանք…