Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/369

Այս էջը հաստատված է
ՀԵՆԶԵԼՆ ՈՒ ԳՐԵՏԵԼԸ

Մի մեծ անտառի բերանում ապրում էին մի աղքատ փայտահատ ու իր կինը։ Երկու երեխա ունեին, տղի անունը Հենզել էր, աղջկանը՝ Գրետել։

Առանց էն էլ պակասության մեջ են լինում, թանկությունն էլ որ ընկնում է էն կողմերում, իրենց օրվա հացն էլ չեն կարողանում ճարեն։ Մի օր էլ տեղումը պառկած, փայտահատը դես է մտածում, դեն է մտածում, դարդից մի կողքից մյուս կողքի վրա է շուռումուռ գալիս, վերջը կնոջն ասում է.

— Էս ի՜նչպես պետք է անենք, ա՛յ կնիկ, իսկի բան չունենք, ինչո՞վ պիտի պահենք էս երեխաներին։

— Գիտես, ա՛յ մարդ,— պատասխանում է կինը,— արի առավոտը ծեգին երեխաներին տանենք անտառի խորքը, կրակ անենք, մի-մի կտոր հաց տանք ձեռներն ու էնտեղ թողնենք, մենք ետ գանք մեր գործին։ Ճամփեն չեն գտնիլ, որ ետ գան տուն, ու մենք էլ կազատվենք։

— Չէ, ա՛յ կնիկ,— պատասխանում է փայտահատը,— ես էդպես բան չեմ անիլ, իմ սիրտը չի տանիլ, որ ես իմ ձեռքով իմ երեխաներին տանեմ մենակ թողնեմ անտառում, վերջապես գազանները կհարձակվեն ու կպատառոտեն նրանց։

— Ը՛հ, հիմար,— ասում է կինը,— էսպես թե էնպես, չորսս էլ սովամահ կորչելու ենք, էն ժամանակ գնա ու դագաղների համար տախտակ տաշի…

Ու հանգիստ չի տալի մարդուն, մինչև որ չի համաձայնվում իրեն հետ։

— Բայց էլի մեղքս գալիս է խեղճ երեխաների վրա,— ասում է փայտահատը, կնոջ հետ համաձայնվելուց հետո։

363