Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/37

Այս էջը հաստատված է

պատշգամբներում, թե չէ․ նայում էին, սակայն չէին աղերսում…

Տխուր էր և նրա առնական դեմքը յուր շիկասև, նորածիլ շրջանակի մեջ, ուր նշանավոր էին արծվի քիթն և ուռած շրթունքները։ Եվ նա ինքն ամբողջ մի մարմնացած վայրենի վիշտ էր, բայց յուր սրինգն ածում ու պար էր գալիս։

Նրա հնամաշ շորերի ձորձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ծիծաղաշարժ տեսարան, որ սաստիկ վիրավորում էր նրա հզոր կերպարանքն ու դառն տխրությունը։

– Քուրդը, քուրդը…– աղաղակեցին երեխաները, և տանըցիք նոր ճաշերն ավարտած, թմփթմփալով սրնգի ձայնին դուրս եկան պատշգամբը, նայելու աղքատ քուրդին։

Ավելի ոգևորված՝ քուրդը կրկնապատկեց եռանդը, աշխատում էր ցույց տալ յուր բոլոր շնորհքը զանազան ծամածռություններ ու խեղկատակություններ անելով…։ Եվ նա հասնում էր յուր նպատակին, վերևից հրճվում, ուրախ կըրկըչում էին։

Բայց նրանցից ոչ ոք չէր մտածում, թե ինչու ինքը՝ պարողը, չի ուրախանում, ինչու մենակ նա է տխուր…

Եվ ի՞նչ կավելանար աղքատ քրդին, եթե մեկն այդ հարցներ։ Նրան մի քանի կոպեկ սև փող էր հարկավոր, առավ դուրս եկավ։

Մտավ ուրիշ բակ։

Պատրաստվում էր դարձյալ յուր պարն սկսելու, երբ մեկը հարցրեց.

– Ո՞րտեղացի ես, տղա։

– Սասունիցն, աղա։

– Հապա ո՞ւր ես եկել։

– Ես չոբան էի, աղա, թուրքեր մեր գեղ քանդեցին… իմ ոչխար լե թալլեցին…

Նա բաց արավ կռան տակը, որտեղ երևում էր խանչալի տված լայն վերքի սպին, քոլոզը վերցրեց, ցույց տվեց գլխի պատռվածը, երևի դրանով ուզում էր ասել, թե հեշտ չի տեղի տվել թշնամուն, և դարձյալ ծածկելով՝ սկսեց յուր սրինգն ածել ու պարել։

35