Իսկ երեխաների քունը սովից չի տանում, լսում են ամին բան, ինչ որ խորթ մերը ասում է իրենց հորը։
Աղի-աղի լաց է լինում Գրետելը ու դառնում Հենզելին.
— Մենք կորանք, Հենզել։
— Սո՛ւս կաց, Գրետել ջան,— ասում է Հենզելը,— դարդ մի՛ անիլ, ես սրա ճարը գիտեմ։
Եվ ահա մեծերը քնում են թե չէ՝ Հենզելը վեր է կենում, իր շորերը հագնում, դուռը բաց է անում ու ծլկում փողոց։ Լուսինը պայծառ լուսավորում էր, ու իրենց տան առջևը ցրված սիպտակ լափուկները արծաթի փողի նման շողշողում էին։ Հենզելը կռանում է, ու գրպանն ինչքան տանում է, էդ քարերով լցնում է։ Հետո վերադառնում է տուն։ Գրետելին ասում է.
— Հանգիստ կաց, քույրիկ ջան։ Քնի՛ր, աստված մեզ չի կորցնիլ։— Ու նորից պառկում է իր անկողնում։
Առավոտը ծեգում է թե չէ՝ արևածագից առաջ խորթ մերը գալիս է երեխաներին զարթեցնում։
— Դե, շուտ արեք, վեր կացեք, ծույլեր, պատրաստվեցեք գնանք անտառը փետ բերելու։— Հետո ամեն մեկին մի–մի կտոր հաց է տալիս ու պատվիրում.
— Ահա էս ձեզ տալիս եմ ճաշի համար. տեսեք, մինչև ճաշը չուտեք, թե չէ՝ միևնույն է, հետո էլ ոչինչ չեք ստանալու։
Գրետելը հացը դնում է գրպանը, որովհետև Հենզելի գրպանները բերնեբերան լիքն էին քարերով։ Հետո վեր են կենում ու ճանապարհ են ընկնում դեպի անտառը։
Մի քիչ որ անց է կենում, Հենզելը կանգ է առնում ու նայում է ետ՝ դեպի իրենց խրճիթը, ու շարունակ էդպես ետ է մնում։ Հերն ասում է.
— Հենզել, ի՞նչ ես դու շարունակ ետ մտիկ տալիս ու ետ մնում, հորանջելու ժամանակ չի, ոտներդ ժաժ տուր։
— Հայրի՛կ, ես մեր սիպտակ կատվին եմ մտիկ տալի, ա՛յ, էնտեղ կտերը նստել է, կարծես թե մեզ վերջին «մնաս բարովն» է ասում։
Խորթ մերը էստեղ խոսքը կտրում է.
— Ապուշ, իսկի էլ էն մեր կատուն չի, էն կտուրի վրի