Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/379

Այս էջը հաստատված է
ԿԱՐՄՐԻԿԸ

Լինում է չի լինում՝ մի փոքրիկ սիրուն աղջիկ է լինում։ Ով մի անգամ տեսնում է, սիրում է էս աղջկանը, բայց ամենից շատ իր տատն է սիրում. էլ չի իմանում՝ ինչ անի, որ թոռան սիրտը շահած պահի։

Մի անգամ էլ մի կարմիր գլխարկ է նվիրում։ Էս կարմիր գլխարկն էնքան է սազ գալիս էս աղջկանը, որ էլ չի ուզում գլխին ուրիշ գլխարկ դնի բացի կարմրից։ Կարմիր շորեր էլ հագցնում են, ոտից մինչև գլուխ կարմրում է, դրա համար էլ անունը գնում են Կարմրիկ։

Մի անգամ մերը Կարմրիկին ասում է.

— Ա՛ռ էս գաթեն ու էս գինին, տար տուր տատին․ հիվանդացել է, թուլացել է, թող ուտի, խմի, մի քիչ ուժի գա։ Դե՛, քանի օրը շոգ չի, գնա՛, միայն կարգին, կամաց գնա, ճամփից էլ չծռվես, թե չէ վեր կընկնես, շիշը կջարդես, էլ տատի համար բան չի մնալ։ Տատի մոտ էլ որ մտնես, չմոռանաս՝ տատին բարևես։ Էնտեղ էլ հանգիստ կաց, դեսուդեն չվազվզես։

— Հա՛, մայրի՛կ, ինչպես ասում ես, էնպես կանեմ,— խոսք է տալիս Կարմրիկն ու գնում։

Տատը ապրելիս է լինում գյուղից մի կես ժամ հեռու, անտառի մեջ։ Կարմրիկը հենց անտառն է մտնում թե չէ՝ դեմը դուրս է գալիս մի գել։ Բայց Կարմրիկը չի իմանում, թե գելն ինչ սարսափելի գազան է, ու իսկի չի էլ վախենում։

— Բարո՛վ, Կարմրի՛կ,— ասում է գելը։

— Բարով, Գել-ախպեր։

— Էսպես վաղ-վաղ ո՞ւր ես գնում, Կարմրի՛կ։

— Գնում եմ տատիս մոտ։

373