Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/385

Այս էջը հաստատված է

շաղ էին տալիս, մոխիրն էին ածում, ու նա նորից պետք է նստեր հատիկ-հատիկ հավաքեր։

Իրիկուներն էլ, երբ որ բանը վերջացնում էր, անկողին չուներ, կրակի առաջին՝ մոխրի վրա էր պառկում։ Դրանից էլ միշտ մոխրոտ էր լինում, ու դրա համար էլ քույրերը ավել անունը դրին Մոխրոտ։

Մի անգամ էս Մոխրոտի հերը, ուրիշ տեղ գնալիս, խորթ աղջիկներին հարցնում է, թե՝ ի՞նչ եք ուզում, որ ձեզ համար բերեմ։ Մինն ասում է՝ «Ինձ համար սիրուն շորեր բեր»։ Մյուսն էլ, թե՝ «Ինձ համար մարգարտե մանյակ բեր»։

— Իսկ դու, Մոխրո՛տ ջան, դո՞ւ ինչ կուզես, որ քեզ համար բերեմ։

Մոխրոտն էլ ասում է.

— Հայրի՛կ, էն ծառի ճյուղը, որ վերադարձիդ կդիպչի քո գլխարկին, էն ճյուղը կտրի ու բեր ինձ համար։

Հերը գնում է, խորթ աղջիկների համար լավ շորեր է առնում, մարգարտե մանյակ ու թանկագին քարեր է առնում ու ճամփա ընկնում դեպի տուն։ Վերադարձին մի ծմակով անցկենալիս մի ընկուզենու ճյուղ դիպչում է գլխարկին, գլխարկը վեր գցում։ Էն ճյուղն էլ կտրում է, հետը վերցնում, որ Մոխրոտին տա։ Տուն է հասնում, խորթ աղջիկների ուզածն իրենց է տալիս, ընկուզենու ճյուղն էլ տալիս է Մոխրոտին։ Մոխրոտը շնորհակալ է լինում հորից, տանում է էն ընկուզենու ճյուղը մոր գերեզմանի վրա տնկում ու լաց է լինում։ Էնքան լաց է լինում, էնքան լաց է լինում, որ արտասուքով էն տնկած ընկուզենու ճյուղը ջրում է։ Ու ընկուզենու ճյուղը դուրս է գալիս, մեծանում, մեծ ծառ է դառնում։

Մոխրոտը օրը երեք անգամ գնում է էն ծառի տակ լաց լինում ու աղոթք անում։ Ամեն անգամ էլ մի ճերմակ թռչուն գալիս է էն ծառին վեր գալիս ու, Մոխրոտն ինչ որ սրտով ուզում է, էն սրտով ուզածը վերևից գցում է ներքև։

Մի անգամ էլ թագավորը մի հանդես է սարքում, որ երեք օր, երեք գիշեր պետք է քաշեր։ Իր տերության բոլոր գեղեցիկ աղջիկներին հրավիրում, հավաքում է էն հանդեսին, որ իր տղեն նրանց միջիցը իրեն համար հարսնացու

379