Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/387

Այս էջը հաստատված է

տալիս խորթ մորը, ասում է՝ հիմի ինձ էլ հետը կտանի։ Խորթ մերն ասում է.

— Չէ՛, չեմ տանիլ, ո՛չ հագիդ հագուստ ունես, ո՛չ ոտիդ՝ ոտնաման․ ի՞նչպես պետք է պալատումը պար գաս։ Դու խաղք ու խայտառակ կլինես, մենք էլ քեզ հետ։

Մոխրոտը լաց է լինում։ Էն ժամանակ խորթ մերն ասում է.

— Դե լավ. երկու աման ոսպը մի ժամում թե մոխրիցը ջոկեցիր, հետներս կտանենք, թե չէ՝ հո չէ։— Մտքումն էլ ասում է. «Էս հո իսկի չի կարող անի»։

Երկու աման ոսպն ածում է մոխիրը, իսկ Մոխրոտը ետևի դռնից պարտեզն է վազում.

Իմ ընկերնե՛ր, աղունակնե՛ր,
Երկընքի տակ թըռչող հավքեր,
Թըռե՜ք, եկե՜ք ամեն կողմից,
Վեր քաղեցեք ոսպը մոխրից.
Լավն՝ ամանը, վատը՝ ձեզ կեր,
Իմ ընկերնե՛ր, թըռչուն հավքե՛ր։


Կանչում է թե չէ՝ խոհանոցի լուսամուտից թռթռալով երկու ճերմակ աղավնի են ներս ընկնում, նրանց ետևից՝ տատրակները, տատրակների ետևից էլ՝ մնացած թռչունները։ Ծլվլալով իջնում են մոխրի վրա ու, կը՛տ–կը՛տ, կտուցներով սկսում են ոսպը մոխրից վեր քաղել, վատերն ուտել, լավերն ածել ամանի մեջ։ Մի ժամ էլ չի քաշում, բոլոր ոսպը ջոկում, հավաքում են, ետ թռչում գնում։ Մոխրոտը ամանն առնում է, ուրախ–ուրախ տանում է տալիս խորթ մորը, ասում է՝ հիմի անպատճառ ինձ էլ կտանի հետը։ Խորթ մերն ասում է.

— Ինչ ուզում ես՝ արա, մին է, քեզ հետներս չենք տանելու․ ո՛չ հագիդ հագուստ ունես, ո՛չ ոտիդ՝ ոտնաման, ի՞նչպես պետք է պալատում պար գաս։ Դու խաղք ու խայտառակ կլնես, մենք էլ քեզ հետ։— Ասում է, երեսը շուռ տալիս, իր երկու գոռոզ աղջիկներին առնում գնում։

Մոխրոտը տանը մնում է մեն–մենակ։ Վեր է կենում

381