Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/388

Այս էջը հաստատված է

գնում մոր գերեզմանի վրա, ընկուզենու տակին կանգնում ու կանչում.

Ժաժ ե՛կ, իմ ծա՛ռ, ձըգիր զառ–վառ
Ոսկի–արծաթ շոր ինձ համար։

Կանչում է թե չէ՝ ճերմակ թռչնակը ծառի վրիցը ոսկեկար ու արծաթակար մի ձեռք շոր ու ոտնամաններ է գցում ներքև։ Մոխրոտն իսկույն հագնում է ու շտապում պալատը։ Արծաթակար ու ոսկեկար զգեստը հագին՝ էնքան գեղեցիկ է լինում, որ խորթ մերն ու քույրերը չեն ճանաչում։ Ասում են՝ ով գիտի ինչ թագավորի աղջիկ է։ Մոխրոտն իսկի մտքերով անց էլ չի կենում. ասում են՝ հիմի նա տանը նստած, կեղտոտ–կեղտոտ՝ մոխրիցը ոսպն է ջոկում։

Թագավորի տղեն որ տեսնում է, իսկույն դեմն է գալիս, ձեռիցը բռնում է, հետը պար է գալիս, ու էլ ձեռը ձեռիցը բաց չի թողնում։

Էսպես մինչև իրիկուն պար է գալիս, իրիկունն էլ, որ ուզում է տուն գնա, թագավորի տղեն ասում է.

— Ես քեզ ճանապարհ կդնեմ։

Շատ է ուզում իմանա, թե ո՞վ է էն գեղեցկուհին, ի՞նչ տանից է, ո՞ւմ աղջիկն է։ Բայց ճամփին Մոխրոտը հանկարծ թռչում է, մտնում իր հոր աղավնոցը, կորչում։ Թագավորի տղեն սպասում է, մինչև որ Մոխրոտի հերը գալիս է։ Ասում է՝ էն անծանոթ գեղեցկուհին քո աղավնոցը մտավ։

Ծերունին միտք է անում. «Չլինի՞՛ թե մեր Մոխրոտն է էս գեղեցկուհին…»։

Աղավնոցը քանդում են, տակնուվրա են անում, ո՛չ Մոխրոտ կա, ո՛չ ուրիշ օքմին։

Դու մի՛ ասիլ՝ Մոխրոտը մի կողմից աղավնոցի գլուխն է բարձրացել, մյուս կողմից ներքև թռել ու մի ակնթարթում ընկուզենու տակ կանգնել։ Էնտեղ իր ճոխ զգեստները հանել է դրել մոր գերեզմանի վրա, ու թռչնակը ետ է տարել, իսկ ինքը վազել է խոհանոց, նորից մոխրի վրա պառկել։ Խորթ մերն ու աղջիկներն էլ գալիս են տեսնում՝ ինչպես որ թողել են, էնպես էլ՝ Մոխրոտը, գուրչերը հագին, մոխրի վրա պառկած, կողքին էլ ձիթի ճրագը մխում է։

382