Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/389

Այս էջը հաստատված է

 Մյուս օրը հանդեսն էլ ետ նորոգվում է։ Հերը, խորթ մերն ու քույրերը դարձյալ նոր շորեր են հագնում ու գնում, իսկ Մոխրոտը շտապում է իր ընկուզենու տակն ու կանչում.

Ժաժ ե՛կ, իմ ծա՛ռ, ձըգիր զառ–վառ
Ոսկի–արծաթ շոր ինձ համար։

Ճերմակ թռչնակը առաջվանից ավելի գեղեցիկ մի ձեռք շոր է գցում ներքև։ Էս շորերը հագին Մոխրոտը որ չի հայտնվում խնջույքո՜ւմ՝ շափաղը պալատի պատերովն է տալիս, հանդիսականները մնում են բերանները բաց։ Դու մի՛ ասիլ՝ թագավորի տղի աչքն էլ հենց ճամփին է լինում։ Տեսնում է թե չէ՝ դեմն է վազում, ձեռիցը բռնում է տանում ու միմիայն նրա հետ է պարում շարունակ։ Ուրիշ պարեկներ էլ որ մոտենում են, ասում է՝ չէ՛, իմ պարընկերը սա է, միայն սրա հետ պետք է ես պար գամ։

Էլ ետ մութը որ ընկնում է, աղջիկն ուզում է գնա իրենց տունը։ Թագավորի տղեն ետևիցը գնում է, որ աչքով պահի, տեսնի, թե ում տունն է մտնում։ Մոխրոտը վազում է ընկնում իրենց տան ետևի պարտեզը։ Պարտեզում մի տանձենի է լինում, լիքը հասած, հրաշալի տանձերով։ Սկյուռի նման ճարպիկ էն ծառն է բարձրանում ու ճյուղերի արանքում էնպես է կորչում, որ թագավորի տղեն չի էլ կարողանում նկատի, թե որտեղ թաքնվեց։ Սպասում է, մինչև Մոխրոտի հերը գալիս է։ Ասում է.

— Էն անծանոթ աղջիկը էլ ետ աչքիցս թռավ ու, կարծես թե՝ էս ձեր տանձենուն բարձրացավ…

Հերը միտք է անում. «Չլինի թե էս մեր Մոխրոտն է…»։

Հրամայում է, կացինը բերում են, տանձենին կտրում են. վրեն ոչ ոք չկա։ Մտնում են խոհանոցը, տեսնում են, ինչպես միշտ, դարձյալ մոխրի վրա պառկած է։ Դու մի՛ ասիլ՝ ծառի մի կողմից բարձրացել է, մյուս կողմից իջել, լավ շորերը տարել է տվել թռչնակին, հին գուրչը հագել ու էլ ետ եկել մոխրի վրա պառկել։

Երրորդ անգամն են տանըցիք գնում խնջույք։ Մոխրոտն էլ երրորդ անգամ վազում է մոր գերեզմանի վրա, իր ընկուզենու տակ կանգնում ու կանչում.

383